Նոր սերնդի համակարգչային տոմոգրաֆը՝ Toshiba ընկերության Aquinilion ONE-ը, գործարկվել է փետրվարի 17–ին «Արմենիա» բժշկական կենտրոնում: Սարքավորման շնորհանդեսին ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ այս սարքավորումը առաջինն է Հայաստանում, որն ունի նման տեխնիկական հնարավորություններ: Այն հնարավորություն է ընձեռում 640 տոմոգրաֆիկ շերտ ստանալ 0.35 վայրկյանի ընթացքում, այնինչ մնացած սարքավորումները կարողանում են ապահովել ընդամենը 160 շերտ: Նախարարը նշեց, որ այս սարքավորման շնորհիվ կարելի է ավելի արագ եւ անվտանգ ախտորոշել մի շարք հիվանդություններ՝ ներառյալ անոթային հիվանդությունները: 

Բժիշկ-ռադիոլոգ Կարինե Մանուկյանը իր հերթին պատմեց լրագրողներին այս սարքավորման հիմնական յուրահատկությունների մասին: Նրա խոսքով՝ բազմապարույր համակարգչային այս տոմոգրաֆը միակ սարքավորումն է, որն ապահովում է օրգանների ամբողջական ծավալային պատկեր 0.35 վայրկյան տեւող ճառագայթային խողովակի ընդամենը մի պտույտով: Սարքավորման դետեկտորի լայնությունը 16 սմ է, իսկ շերտավորման նվազագույն հաստությունը՝ 0.5 մմ:

Մասնագետի խոսքով՝ սկանավորման բարձր արագության շնորհիվ նվազում է ճառագայթման վտանգը, օգտագործվում է ավելի քիչ ռենտգեն-կոնտրաստային նյութ, ինչի շնորհիվ այս սարքավորման միջոցով իրականացված տոմոգրաֆիկ հետազոտությունը հիվանդի համար ավելի անվտանգ է, քան ավելի հին սարքավորումներով իրականացվածը:

Առողջապահության նախարարին են ներկայացրել նաեւ կլինիկայի նոր անգիոգրաֆիկ սարքը: