Բոլոր ռադիոլոգիական հետազոտությունները Հայաստանում (բացառությամբ ՄՌՏ-հետազոտությունների) մոտ ապագայում իրականացվելու են միայն բժշկի նշանակմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա հիշեցրեց, որ ռադիոլոգիական հետազոտությունները այնքան էլ անվտանգ չեն, եւ 2025 թվականին, որոշ փորձագետների պնդմամբ, քաղցկեցի յուրաքանչյուր հինգերորդ դեպք ռենտգենյան ճառագայթման հետեւանք է լինելու: Հենց այդ պատճառով երբեմն անիմաստ ու առանց լուրջ անհրաժեշտության իրականացվող ռադիոլոգիական հետազոտությունների թիվը պետք է կրճատել: Այս նպատակով նոր նորմատիվ ակտ է մշակվում:
Նախարարը նշեց, որ առանց բժշկի նշանակման իրականացվող հետազոտությունների թիվը նվազեցնող նորմատիվ ակտերի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են: Դրանց ներդրման հստակ ժամկետ դեռեւս չկա, բայց, նախարարի խոսքով, դա տեղի կունենա շատ շուտով, եւ ռենտգեն-հետազոտության համար հիվանդին անհրաժեշտ կլինի բժշկի համապատասխան նշանակումը, իսկ արդեն հետազոտությունից հետո նրան պարտադիր կերպով պետք է հայտնեն, ճառագայթման ինչ չափաբաժին է նա ստացել։






