Որոշ հատկություններ երեխաները ժառանգում են ոչ թե մորից կամ հորից, այլ բակտերիաներից, որոնք ապրում են մոր օրգանիզմում, եւ որոնց ԴՆԹ-ն անմիջականորեն ազդում է ապագա նորածնի մարմնի եւ բջիջների աճի ու զարգացման վրա:
«Մինչ այս պահը մենք կարծում էինք, որ բակտերիաները երբեք չեն հատում գենետիկական գործոնների եւ արտաքին միջավայրի յուրահատկությունների, որոնց թվին են դրանց, ի դեպ, դասում, միջեւ պայմանական սահմանը: Այդ գենետիկական գործոններն ազդում են մեր զարգացման վրա: Պարզվում է, որ դա այդպես չէ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետք է վերանայել բակտերիաների եւ այլ միկրոօրգանիզմների՝ գենետիկայի եւ ժառանգականության վրա ունեցած ազդեցության էությունը», - ասել է Հերբերթ Վիրջինը Սենթ-Լուիսի Վաշինգթոնի համալսարանից (ԱՄՆ):
Հերբերթն ու մի շարք այլ կենսաբաններ այս եզրակացության են եկել մկների հետ կատարած գիտափորձի արդյունքում, որի ընթացքում գիտնականները փորձում էին հասկանալ, թե ինչու են որոշ տրանսգեն մկների մոտ ի հայտ եկել նոր հատկություններ, որոնք «ծրագրավորված» չէին գենետիկական փոփոխությունների կողմից: Ավելին՝ օրգանիզմի աշխատանքի այս յուրահատկությունները փոխանցվում էին մեկ կրծողից մյուսը եւ շատ արագ տարածվեցին բոլոր մկների վրա: Այս խնդիրը ի հայտ է եկել, երբ գիտնականները աղիքների բորբոքային հիվանդությունների (ինչպիսին են, օրինակ, Կրոնի սինդրոմը կամ խոցային կոլիտը ) բուժման նոր մեթոդներ էին փնտրում: Գիտափորձին մասնակցած մկների կեսը տառապում էր աղիքներում այդ հիվանդությունների հետ առնչվող հակամարմինների պակասից, ինչը թույլ չէր տալիս գիտնականներին վերլուծության ենթարկել տվյալ մկների մոտ արձանագրած արդյունքները:
Նյարդայնացած կենսաբանները փորձեցին պարզել, ինչն է դրա պատճառը եւ ինչպես խուսափել նմանատիպ խնդիրներից ապագայում: Ի սկզբանե Հերբերթի խումբը ելնում էր այն վարկածից, որ հակամարմինների պակասը մկների մոտ կարող է գենետիկորեն պայմանավորված լինել կամ էլ միկրոֆլորայի խնդիրների արդյունք հանդիսանալ՝ կապված լինելով որեւէ էկոլոգիական գործոնի հետ:
Ղեկավարվելով այս մտքով՝ գիտնականները երկու գիտափորձ անցկացրեցին: Դրանցից մեկի շրջանակներում փորձ արվեց պարզել, փոխանցվում է արդյոք այս հատկությունը ժառանգաբար: Մյուս գիտափորձն էլ կոչված էր պատասխանել այն հարցին, կարող են արդյոք նշյալ հատկությունները փոխանցվել մի կրծողից մյուսին սննդի, կղանքի կամ ֆիզիկական այլ կոնտակտի միջոցով:
Ի զարմանս կենսաբանների՝ երկու գիտափորձն էլ դրական արդյունք են արձանագրել. հակամարմինների քանակի նվազումը նկատվում էր ինչպես դիտարկվող մկների, այնպես էլ հարեւան վանդակի բնակիչների մոտ: Դա ստիպեց Հերբերթին եւ նրա գործընկերներին մտածել, որ այս հատկության փոխանցումը կարող է տեղի ունենալ որեւէ այլ, ոչ գենետիկական կամ ոչ էկոլոգիական ճանապարհով:
Երբ հոդվածի հեղինակները համեմատեցին մայր մկների եւ դրանց ձագերի աղիքների պարունակությունը, նրանք հասկացան, թե որն էր այս տարօրինակ «ժառանգականության» պատճառը: Պարզվեց, որ հակամարմինների սակավությունը պայմանավորված էր Sutterella բակտերիայով, որը կարող է փոխանցվել ինչպես բնական ճանապարհով՝ շրջակա միջավայրի միջոցով, այնպես էլ հայտնվել երեխայի օրգանիզմում հենց մոր որովայնից:
Հաշվի առնելով այն, որ տվյալ բակտերիան զգալի կերպով փոխում է կրծողների աղիքային համակարգի աշխատանքը՝ այն դարձնելով հիվանդությունների նկատմամբ ավելի զգայուն, հոդվածագիրները կոչ են անում իրենց բացահայտած ֆենոմենը համարել հատկությունների ժառանգական փոխանցման եւս մեկ, ոչ գենետիկական տարբերակ:






