Գիտնականները մեծ առաջընթաց են արձանագրել Ալցհեյմերի բուժման նոր մեթոդների մշակման աշխատանքներում: Նրանց բացահայտած նոր մեթոդը կարելի է կիրառել նաեւ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար, ինչն այս առայժմ անբուժելի հիվանդության դեմ պայքարող սկզբունքորեն նոր դեղերի ստեղծման հեռանկարներ է բացում:

Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականներին Շվեդիայի եւ Էստոնիայի իրենց գործընկերների հետ համատեղ հաջողվել է հայտնաբերել հիվանդության կրիտիկական փուլում դրա զարգացումը կանխող մոլեկուլը:

Մասնագետները ոչ միայն առաջին անգամ են բացահայտել հիվանդության անկասելի զարգացումը կանխող գործոն, այլ նաեւ բուժման այնպիսի մեթոդ  են գտել, որը թույլ է տալիս նմանատիպ այլ մոլեկուլներ իդենտիֆիկացնել, որոնք էլ ապագայում կարող են օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության բուժման համար: Նշվում է, որ հիվանդությունը սկսում է զարգանալ այն պահին, երբ դադարում է սպիտակուցների բնականոն գործունեությունը մարդու ուղեղում, ինչի հետեւանքով դրանք սերտաճում են թելիկների հետ:

Դա իր հերթին հանգեցնում է նյարդային բջիջների վրա որպես թունանյութ ազդող օլիգոմեր կոչվող կլաստերների ձեւավորմանը: Այս գործընթացի երկրորդ փուլում տեղի է ունենում այսպես կոչված շղթայական ռեակցիա, որի դեպքում այդ կլաստերների քանակը սկսում է աճել, ինչն էլ հանգեցնում է հիվանդության ախտանիշների ձեւավորմանը: Մասնագետները նշում են, որ Brichos կոչվող բնական սպիտակուցները կարող են սերտաճել թելիկների հետ, ինչը դրանց հնարավորություն չի տա համագործակցել այլ սպիտակուցների հետ եւ նոր կլաստերներ ձեւավորել: Հետեւաբար, Ալցհեյմերի հիվանդության զարգացումը կարող է կասեցվել:

Գիտնականները հույս են հայտնում, որ այս մեթոդը հնարավորություն կընձեռի իդենտիֆիկացնել նաեւ այսպես կոչված ուղեկցորդ մոլեկուլները, որոնք նույնպես միանում են հյուսվածքներին հիշատակված կերպով: Այս դեպքում հնարավոր կլինի ստեղծել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարող սկզբունքորեն նոր դեղեր: