33-ամյա Սթիվեն Փիթը Վաշինգտոնից տառապում է շատ հազվադեպ բնածին հիվանդությամբ, որի պատճառով բացարձակապես ցավ չի զգում: Այդ «յուրահատկության» պատճառով մարդն այնքան վնասվածքներ է ստացել, որ վաղուց կորցրել է դրանց հաշիվը:
Արտասովոր այս հիվանդությունը բժիշկները ախտորոշել են, երբ Սթիվենն ընդամենը 4 տարեկան էր: Հենց այդ ժամանակ են նրա ծնողները նկատել, ինչպես է նա ծամում սեփական լեզուն, որից հետո երեխային բժշկի մոտ են տարել: Հատկանշական է, որ նրա փոքր եղբայր Կրիսը նույնպես տառապում է այդ հիվանդությամբ: Երկու եղբայրներն էլ հոտառության հետ խնդիրներ ունեն: Գենետիկ հետազոտությունների արդյունքում նրանց մոտ SCN9A գենի մուտացիա է հայտնաբերվել, որով էլ պայմանավորված է անզգայությունը:
«Եղել է, որ պատահաբար վնասել եմ ոտքերս, բայց շարունակել եմ քայլել՝ ոչինչ չնկատելով: Մի անգամ կտրել եմ մատս ճաշ պատրաստելիս եւ չեմ նկատել այնքան ժամանակ, մինչեւ ինձ չի հուշել այդ մասին աներորդիս: Ողջ բնակարանով մեկ արյուն էր», - պատմում է Սթիվենը:
ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի (NIH) տվյալների համաձայն՝ բնածին այս արատով մարդիկ աշխարհում շատ քիչ են: Բժշկական գրականությունում հիշատակվում է ընդամենը 20 այդպիսի դեպք:






