Գիտնականները պնդում են, որ հաջողվել է ստեղծել ՁԻԱՀ առաջացնող վիրուսով վարակումը կանխարգելող նյութ: Նրանց բացահայտումը տեսականորեն կարող է հանգեցնել նոր թերապիայի եւ այլընտրանքային պատվաստանյութի ստեղծմանը: 

Scripps Research Institute-ի  (ԱՄՆ) եւ մի շարք այլ ինստիտուտների գիտնականներ պնդում են, որ բացահայտվել է ՄԻԱՎ-ով բջիջների վարակումը կանխարգելող միջոց: Նոր այս մոտեցումը նման է գենային թերապիայի եւ անմիջականորեն ազդում է իմունային հակամակարգի պատասխանի վրա, հաղորդում է The Wall Street Journal –ը:

ՄԻԱՎ վարակը սովորաբար բջիջների մեջ է ներթափանցում երկու ռեցեպտորների միջոցով: Նոր սպիտակուցը կասեցնում է այն հատվածի աշխատանքը, որտեղ վիրուսը կապ է հաստատում բջիջների ռեցեպտորների հետ՝ բացառելով վիրուսի մուտքը օրգանիզմ: Քանի որ CD4-IG անվանումը ստացած սպիտակուցը միանում է երկու, այլ ոչ թե մեկ ռեցեպտորի հետ, կասեցվում է շատ ավելի մեծ քանակությամբ ՄԻԱՎ վիրուսի շտամների մուտքը օրգանիզմ: Սպիտակուցը շատ ավելի արդյունավետ է, քան հակամարմինները, որոնք, ինչպես ապացուցվել էր նախկինում, ազդում են հենց վիրուսի վրա:

Նոր այս մեթոդը փորձարկվել է չորս ռեզուս մակաների վրա: Մարդկանց ներառող կլինիկական փորձարկումները կարող են մեկնարկել այս տարվա ընթացքում՝ կենդանիների վրա լայնածավալ փորձարկումների ավարտից հետո: Առաջին քայլը լինելու է մոլեկուլի՝ ՄԻԱՎ վարակակիրների օրգանիզմում վիրուսի զարգացման մակարդակը վերահսկելու կարողության գնահատումը:

 «Նորարարական այս մոտեցումը հնարավորություն է տալիս ընդհուպ մոտենալ երկու կարեւոր նպատակների իրագործմանը՝ հասնել ՄԻԱՎ վարակից երկարատեւ պաշտպանության եւ ՁԻԱՀ-ը քրոնիկական հիվանդների մոտ հասցնել կայուն ռեմիսիայի», - նշում է ալերգիայի եւ վիրուսային հիվանդությունների ազգային ինստիտուտի (National Institute of Allergy and Infectious Diseases, ԱՄՆ) տնօրեն Էնթոնի Ֆաուչը: