Վերջերս Հայաստանի ռեստորաններում դրական միտում է արձանագրվում: Այնտեղ մատուցվող ուտեստներում ավելի քիչ աղ է պարունակվում, քան նախկինում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնել  է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Խոսքն, իհարկե, լավ ռեստորաններին մասին է, նշել է դիետոլոգը՝ հավելելով, որ ֆասթ-ֆուդի եւ սննդի այլ կասկածելի կետերում շարունակում են շատ աղի եւ վնասակար սնունդ մատուցել:

Բոլոր ռեստորաններում, իհարկե, սեղանին անպայման աղ է դրված, եւ մարդիկ միշտ կարող են ավելացնել այն սննդի մեջ, սակայն դա, դիետոլոգի կարծիքով, շատ ավելի լավ է, քան երբ աղն ավելացնում են ուտեստի պատրաստման ընթացքում:

Խնդիրն այն է, որ աղը նպաստում է հեղուկի՝ օրգանիզմը ավելի ուշ լքելուն, ինչի հետեւանքով կարող է բարձրանալ զարկերակային ճնշումը եւ սրվել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը: Բացի այդ, աղը չարաշահող մարդը հակված է գիրանալուն, քանի որ ավելորդ հեղուկն օրգանիզմում իդեալական պայմաններ է ստեղծում ճարպի բջիջների առաջացման համար: Հենց այդ պատճառով է Հասմիկ Աբովյանը խորհուրդ տալիս սահմանափակել աղի օգտագործումը, իսկ ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել դրանից (http://med.news.am/rus/news/1519/pishchevaya-sol-upotreblyat-ili-net.html): Իսկ եթե դա հնարավոր չէ, դիետոլոգը խորհուրդ է տալիս աղ ավելացնել արդեն պատրաստած ուտեստներին (http://med.news.am/rus/news/3028/2-veskie-prichiniy-dobavlyat-sol-tolko-v-gotoviye-blyuda.html):

Այդ դեպքում անհրաժեշտ համ ստանալու համար շատ ավելի քիչ աղ կպահանջվի, ինչը հնարավորություն կընձեռի պակասեցնել աղի չափաբաժինը սննդակարգում: Բացի այդ, աղի մեջ ավելացվող յոդը ցնդում է եփման ընթացքում՝ զրկելով աղը օրգանիզմը յոդով հարստացնելու միակ օգտակար հատկությունից: