Ուլտրամանուշակագույն ճառագայթման հետեւանքով մաշկի վնասումը տեղի է ունենում ազդեցությունից հետո մի քանի ժամվա ընթացքում, պնդում են ամերիկացի գիտնականները։ Այս ուսումնասիրության մասին հոդվածը լույս է տեսել Science ամսագրում:
Հատնի է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա կարող է հանգեցնել մելանոցիտների՝ մելանին արտադրող բջիջների ԴՆԹ-ի վնասման: Հենց մելանին պիգմենտն է պատասխանատու արեւայրուքից հետո մաշկի թուխ երանգի համար: Այս վնասվածքները կարող են դառնալ մահացու քաղցկեղի՝ մելանոմայի առաջացման պատճառ: Նախկինում մասնագետները կարծում էին, որ մելանինը պաշտպանում է մաշկը՝ կասեցնելով ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:
Յելի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Դուգլաս Բրաշը եւ նրա գործընկերները առաջին անգամ մարդու եւ մկների մելանոցիտների բջիջների հետազտություն են իրականացրել՝ ենթարկելով այդ բջիջները ուլտրամանուշակագույն լամպի ճառագայթմանը:
Գիտնականները պարզել են, որ այսպիսի լամպի ճառագայթումը կարող է հանգեցնել պիրիմիդիանային դիմեր անվանումով գոյացության ձեւավորմանը: Այն ի հայտ է գալիս երկու պիրիմիդինային հիմքերի (տիմին) կամ ցիտոզինի միջեւ կովալենտ կապի ձեւավորման արդյունքում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո: Որպես հետեւանք՝ ԴՆԹ-ում կոդավորված ինֆորմացիան ճիշտ չի ընկալվում:
Ի զարմանս գիտնականների՝ մելանոցիտներում պիրիմիդինային դիմերը, ոչ միայն ի հայտ է գալիս լույսի ազդեցության պայմաններում, այլ նաեւ շարունակում է ձեւավորվել նույնիսկ ճառագայթման ազդեցությունից հետո մի քանի ժամվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, մելանին չպարունակող բջիջները դիմեր են արտադրում միայն այդ ազդեցության ընթացքում:
Գիտնականներն, այսպիսով, եկել են այն եզրահանգման, որ մելանինը եւ կանցերոգեն, եւ պաշտպանական էֆեկտ ունի:
«Եթե ուշադրություն դարձնենք, ինչ գործընթացներ են ընթանում հասուն մարդու մաշկի մեջ, ապա կտեսնենք, որ մելանինը պաշտպանում է մեզ դիմերներից: Պատկերավոր ասած՝ այն վահանի գործառույթ է կատարում: Այսինքն, այն միաժամանակ եւ բացասական եւ դրական բնույթ ունի», - մեկնաբանում է Բրաշը:
Գիտնականները հետազոտել են նաեւ արեւի ազդեցությամբ պայմանավորված վնասվածքները եւ նկատել, որ մելանոցիտների կեսը շարունակում է ցիկլոբուտանի մոլեկուլներ արտադրել, որոնք էլ հանգեցնում են այն բանի, որ դիմերը կարող է ի հայտ գալ նույնիսկ բացարձակ մթության պայմաններում (ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից հետո երեք-չորս ժամվա ընթացքում):
Ասպիրանտ Սանջայ Փրեմին՝ Բրաշի լաբորատորիայի աշխատակիցը, հայտնաբերել է նաեւ, որ ուլտրամանուշակագույն լույսը ակտիվացնում է այն ֆերմենտները, որոնց համակցումը իր հերթին ակտիվացնում է մելանինի էլեկտրոնները: Այս ակտիվացումը հետագայում ազդում է ԴՆԹ-ի վրա նույնիսկ մթության պայմաններում՝ առաջ բերելով նույն վնասվածքները, որոնք առաջանում էին ցերեկային ժամերին լույսի անմիջական ազդեցության հետեւանքով:
Բարեբախտաբար, այս պրոցեսը շատ դանդաղ է ընթանում, եւ մաշկի քաղկցկեղի առաջացման համար անհրաժեշտ է դիմերների բավականին մեծ քանակ կուտակել: Վերջին հանգամանքը հույս է ներշնչում, քանի որ գիտնականները կփորձեն նոր կանխարգելիչ միջոցներ մշակել՝ կասեցնելու հնարավոր մահացու վտանգները:






