Հոդատապով տառապող մարդիկ հակված են սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելուն, սակայն միեւնույն ժամանակ շատ ավելի քիչ են հակված Ալցհեյմերով տառապելուն, քան բացարձակապես առողջ մարդիկ:  Այս բացահայտման մասին են հայտնում Բոստոնի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները:

Նրանց խոսքով՝ հոդատապը (որը հայտնի է նաեւ «արքաների հիվանդություն» անունով՝ ի պատիվ Հենրի 8-րդի, որը տառապում էր դրանով) իր պաշտպանիչ ազդեցությունն է տարածում ուղեղի վրա: Բացառված չէ, որ սա տեղի է ունենում միզաթթվի շնորհիվ, որը կուտակվում է հոդատապի դեպքում:

Բոստոնի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները 40  տարեկան եւ 40-անց 3.7 միլիոն մարդու առողջությանն են հետեւել 5 տարվա ընթացքում՝ հայտնաբերելով հոդատապով տառապող մարդկանց շրջանում Ալցհեյմերի 309 նոր դեպք: Համեմատության խմբում, որտեղ ընդգրկվել էին հոդատապ չունեցող մարդիկ, 238 805 մարդուց 1942-ի մոտ է զարգացել Ալցհեյմերը: Այսպիսով, գիտնականներն եկել են այն եզրակացության, որ հոդատապը նվազեցնում է Ալցհեյմերի հավանականությունը 24 տոկոսով:

Ընդ որում՝ գիտնականները հաշվի են առել նաեւ մի շարք այլ հանգամանքներ, որոնցից են տարիքը, սեռը, քաշը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը, կենսակերպը, նախկինւմ արձանագրած սրտային հիվանդությունները: Պարզվեց, որ դրանք որոշիչ ազդեցություն չունեն Ալցհեյմերի զարգացման հավանականության վրա: