Սան Ֆրանցիսկոյի ամերիկյան մի ընկերության մասնագետները “D Free” անվանումով սարքավորում են ստեղծել, որը կարող է հուշել իր օգտատերերին, որ եկել է զուգարան գնալու ժամանակը:
Սարքավորումը տեղավորում են փորի վրա եւ այն, վերահսկելով աղիքային համակարգը, հատուկ հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկում օգտատերի հեռախոսին: Սարքավորումը նաեւ ամենօրյա վիճակագարություն է վարում՝ տեղեկություններ տրամադրելով առ այն, թե քանի անգամ է մարդը զուգարանից օգտվել եւ ինչ հաճախականությամբ:
Սարքավորման տեխնիկական տվյալների մասին տեղեկություններ առայժմ չկան: Նշվում է, որ սարքավորումը ստույգ գիտի, երբ մարդը պետք է զուգարան գնա եւ նախազգուշացնում է նրան այդ մասին: Երբ մարդը փողոց է դուրս գալիս, սարքավորումը նախապես զգուշացնում է նրան աղիքային համակարգի ակտիվության մասին, որպեսզի մարդն իմանա, երբ է առաջանալու զուգարան գնալու անհրաժեշտությունը:
Շատերի համար այս սարքավորումն, իհարկե, անօգուտ է, սակայն այն անփոխարինելի կարող է լինել այն մարդկանց համար, որոնք տառապում են աղեստամոքսային համակարգի խնդիրներով: Իսկ սահմանափակ կարողություններով մարդիկ, տարեց մարդիկ, ինչպես նաեւ աղիքային համակարգի դիսֆունկցիայով մարդիկ կարող են բարձրացնել իրենց կյանքի որակը այս սարքավորման շնորհիվ, նշում են մասնագետները:
“D Free”-ն վաճառքում կհայտնվի այս տարվա դեկտեմբերին: Նախնական տվյալներով՝ սարքավորման սկզբնական գինը կազմելու է 200 դոլար, այնուհետեւ կիջնի մինչեւ 50 դոլար:






