Միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է մի շարք հոգեբանական խնդիրների առաջացման հավանականությունը, որոնց թվում են դեպրեսիան ու սթրեսը: Այս եզրահանգման են եկել Հարավային Ավստրալիայի համալսարանի մասնագետները:
Նրանց ձեռնարկած հետազոտությունում ներառվել էր 18-65 տարեկան 82 մարդ: Գիտնականները գնահատել են նրանց կյանքի որակն ու հոգեկան առողջությունը: Այնուհետեւ հետազոտության մասնակիցները իրենց սննդակարգին վերաբերող մի շարք հարցերի են պատասխանել:
Գիտնականները սերտ կապ են հայտնաբերել միջերկրածովյան սննդակարգի ու հոգեբանական խնդիրների ցածր ցուցանիշի միջեւ: Այն մարդիկ, որոնք միջերկրածովյան սննդակարգով էին սնվում, ավելի քիչ էին հակված սթրեսի, դեպրեսիայի, ավելի երջանիկ էին զգում իրենց, ինչպես նաեւ հայտնում էին իրենց կյանքի որակի բարելավման մասին: Հետազոտության մնացած մասնակիցների մոտ պատկերը մի փոքր այլ էր:
Գիտնականների խոսքով՝ բանն այն է, որ Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք պարունակվում են, օրինակ, ձկնեղենում, շատ կարեւոր դեր են խաղում հոգեկան առողջության պահպանման ու բարելավման գործընթացում: Բացի այդ՝ միջերկրածովյան սննդակարգը, որը հարուստ է Օմեգա-3 ճարպաթթուներով, վիտամին B-ով, վիտամին D-ով, «օգտակար» ճարպերով ու հակաօկսիդանտներով, շատ կարեւոր է ուղեղի աշխատանքի եւ հոգեկան խնդիրների կանխարգելման տեսանկյունից: Իսկ բոլոր թվարկած նյութերի բացակայությունը կարող է ոչ միայն դեպրեսիայի հանգեցնել, այլ նաեւ մի շարք ավելի լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ:
Միջերկրածովյան սննդակարգը հիմնականում բաղկացած է բուսական սննդից՝բանջարեղենից, մրգերից, լոբազգիներից, ընկույզներից, ձիթապտղից եւ այլն: Այն նաեւ ձկնեղեն ու կարմիր գինի է նախատեսում: Իսկ ահա վերամշակված նյութերի համար այստեղ տեղ չկա: Այսինքն պետք է բացառել շոկոլադը, արագ յուրացվող ածխաջրերը, կարմիր միսը:






