Գիտնականներին հաջողվել է մկների մոտ դրական զգացողությունների իմիտացիայի հասնել քնած ժամանակ: Այդ զգացողությունները հիմնականում կապված են եղել այն տեղի հետ, որտեղ կրծողն եղել է օրվա ընթացքում: Սա հիշողությունների վերափոխման առաջին հաջողված փորձն է:  Արթնանալով՝ կրծողները շտապել են դեպի այդ նույն վայրը՝ ակնկալելով, որ դրական զգացողությունները կկրկնվեն:

Ֆրանսիացի նյարդաֆիզիոլոգները կրծողների ուղեղում երկու էլեկտրոդ են տեղադրել: Մեկը տեղադրվել է հիպոկամպում (հիշողության, այդ թվում տարածքային հիշողության կենտրոն), մյուսը՝ հաճույքի կենտրոնում, հայտնում է The Guardian-ը:

Մկների, ինչպես նաեւ մարդկանց մոտ շրջակա միջավայրը քարտեզավորվում է տեղանքի նեյրոնների միջոցով: Գիտնականները ընտրել են այդ նեյրոններից մեկը եւ պարզել, խաղային տարածքի (որտեղ կրծողներն եղել են ցերեկը) որ մասին է այն համապատասխանում:

Քնի ընթացքում կենդանիների ուղեղում բջիջները վերագործարկվում են: Գիտնականներն այնպես են կարգավորել էլեկտրոդները, որ տեղանքի ընտրված նեյրոնի ցանկացած գրգռում գործարկում է երկրորդ էլեկտրոդը, որն իր հերթին գրգռում է հաճույքի կենտրոնը: Չնայած նրան, որ ի սկզբանե ցերեկն այցելած տեղի մասին հիշողությունները նեյտրալ էին, գիտափորձի արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ մկները սկսեցին այն ասոցացնել դրական որեւէ երեւույթի հետ: Արթնանալով՝ կրծողները շտապել են դեպի այդ նույն վայրը՝ ակնկալելով, որ դրական զգացողությունները կկրկնվեն:

Գիտափորձը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հիշողությունների փաստական բովանդակությունը եւ դրանց էմոցիոնալ բնույթը պահպանվում են ուղեղի տարբեր հատվածներում եւ կարող են փոփոխվել մեկը մյուսից անկախ:

Ֆրանսիացի գիտնականները ենթադրում են, որ այս մեթոդը կարելի է կիրառել մարդկանց տրավմատիկ հիշողությունները շտկելու համար: Մասնագետներից ոմանք, սակայն, զգուշացնում են, որ նմանօրինակ մանիպուլյացիաները հիշողության հետ վտանգավոր են: