Ամերիկյան գիտնականները բացահայտում են արել, որը, հնարավոր է, ալկոհոլիզմի բուժման նոր մեթոդների հիմքում ընկած լինի: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները մարդու ուղեղում բնական սպիտակուց են հայտնաբերել, որի միջոցով կարելի է կանխել ալկոհոլի չարաշահումը: Տեսականորեն այս սպիտակուցի օգնությամբ պատրաստած դեղերը կարող են ալկոհոլիզմի բուժման նոր արդյունավետ միջոց դառնալ:

«Գենետիկական եւ դեղագործական մի շարք մեթոդներ օգտագործելով՝ մենք բացահայտեցինք, որ ուղեղի նեյրոպեպտիդ Y բաղադրիչը (NPY) ի զորու է կանխել դեստրուկտիվ վարքագիծը», - նշում է հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Թոմաս Քեշը: «Ավելին՝ մենք նկատել ենք, որ NPY-ը կիրառվում է ուղեղի այն մասում, որը մինդալաձեւ մարմին անվանումն ունի եւ կապված է ինչպես սթրեսի, այնպես էլ սթրեսի փոխհատուցման հետ: Մեր կողմից արձանագրած հակաալկոհոլային էֆեկտը պայմանավորված է «ալկոհոլային մոլեկուլ» ձեւավորող բջիջների արտադրման ուժեղացման հետ: Երբ մենք փորձեցինք վերարտադրել այս էֆեկտը արհեստական NPY-ի միջոցով, կարողացանք կանխել ալկոհոլի չարաշահումը մկների մոտ»:

Նախկինում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ NPY-ը որոշակի կապ ունի ալկոհոլ օգտագործելու ցանկության դրսեւորման հետ: Մկների վրա անցկացված փորձարկումները ցույց տվեցին, որ NPY ռեցեպտորների պակաս ունեցող մկները ավելի քիչ էին ալկոհոլ խմում: