Վերջերս գիտնականները ավելի ու ավելի շատ հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ են ստեղծում, որոնք օգնում են հետեւել առողջությանը, վերահսկել առողջական ցուցանիշները եւ նույնիսկ բուժել որոշ հիվանդություններ:
Վերջին նմանատիպ սարքավորումներից մեկը կրծքագեղձի քաղցկեղի բուժմանը նպաստող կրծկալն է, որի միջոցով անհրաժեշտ նյութերը հասնում են մինչեւ ախտահարված բջիջները: Foxleaf կրծկալի մեջ տեղադրված են միկրոինկապսուլացված տամոկսիֆեն դեղամիջոցի «պղպջակները»: Մարմնի ջերմաստիճանի ազդեցության եւ դրա բնական խոնավության պայմաններում դեղամիջոցը հայտնվում է մաշկի վրա՝ այնուհետեւ ներթափանցելով մինչեւ խորքային հյուսվածքները: Այնտեղ դեղորայքը կասեցնում է էստրոգենի սինթեզն ու դանդաղեցնում քաղցկեղի բջիջների աճը:
Նոր այս կրծկալը մշակել է Central St Martins լոնդոնյան համալսարանի մագիստրոս Սարա Դա Կոստան, իսկ իրականացնել նախագիծն օգնել է ներքնաշորեր արտադրող Agent Provocateur ընկերությունը:
Այս կրծկալը կարող է հիանալի լուծում հանդիսանալ այն կանանց համար, ովքեր չեն կարողանում ընդունել դեղամիջոցը դրա կողմնակի ազդեցության պատճառով: Դեղորայքի տեղական կիրառումը թույլ կտա խուսափել սրտխառնոցից, ջղաձգումներից, ինչպես նաեւ լյարդի ծանրաբեռնումից:
Մասնագետները, սակայն, դեռ պետք է կլինիկական փորձարկումներ անցկացնեն՝ պարզելու, թե ինչ արագությամբ է ներծծվում դեղամիջոցը եւ ինչպես է այն ազդում:
Իսկ Սարա Դա Կոստան պլանավորում է դեմենցիայի դեմ պայքարող գիշերանոց ստեղծել:






