Ամերիկյան գիտնականները պարզել են, որ փայտացման դեմ հասարակ պատվաստումը կարող է բավականաչափ ամրապնդել օրգանիզմը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Այս էֆֆեկտը վառ արտահայտվում է գլիոբլաստոմայի՝ ուղեղի քաղցկեղներից մեկի բուժման ժամանակ:

Դյուկի համալսարանի մասնագետները աշխատում են քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ գլիոբլաստոմայի բուժման նոր մեթոդների մշակման վրա: Փորձարկումների ընթացքում նրանք տարբեր միջոցներով փորձել են ամրապնդել հիվանդների իմունային համակարգը: Պարզվեց, որ այս գործում կարող է շատ օգտակար լինել փայտացման դեմ սովորական պատվաստանյութը:

Մեկ պատվաստանյութը կարող է զգալի կերպով երկարաձգել գլիոբլաստոմայով տառապող հիվանդների կյանքը: Սովորաբար քաղցկեղի այս ուռուցքով տառապողները չեն ապրում մեկ տարուց ավել ախտորոշման պահից: Սակայն այս պատվաստանյութի շնորհիվ նրանց կյանքի տեւողությունը կարելի է երկարացնել եւս 5 տարով: Թերապիայի ընթացքում գիտնականները հեռացրել են հիվանդի իմունային որոշ բջիջներ, «սովորեցրել են» դրանք տարբերել ուռուցքը եւ նորից վերադարձրել օրգանիզմ: Բուժման այս մեթոդը շատ տարածված է մի շարք ուռուցքների թերապիայիում:

Սակայն գլիոբլաստոման իր առանձնահատկություններն ունի: Այս ուռուցքները ցիտոմեգալովիրուս անվանումով վիրուս են կուտակում, որը վարակում է մարդկանց՝ սովորաբար առանց ախտանշանների ի հայտ գալու: Առայժմ հայտնի չէ, կարող է արդյոք ցիտոմեգալովիրուսը ուղեղի քաղցկեղի պատճառ լինել, թե ոչ: Նոր հակաուռուցքային պատվաստանյութը, սակայն, որն ուղղված է այս վիրուսի դեմ, իմունային բջիջներին ուռուցքը գրոհելու հրաման է տալիս:

Այս թերապիան ինքնին հնարավորություն է տալիս հիվանդներին ավելի երկար ապրել: Այսպես, քիմիաթերապիայից հետո նրանք ապրում են հիմնակում 12-14 ամիս, իսկ իմունոթերապիայից հետո ՝ 18 ամիս: Սակայն փայտացման դեմ ուղղված պատվաստանյութերը, ինչպես պարզվեց, էլ ավելի են ակտիվացնում իմունային համակարգը գլիոբլաստոմայի բուժման ընթացքում:

Սա այն նույն պատվաստանյութն է, որը ստանում են սովորական վնասվածքներ ստացած մարդիկ: Սկզբնական ուսումնասիրությունների արդյունքը այնքան տպավորիչ էր, որ այժմ գիտնականները պլանավորում են ավելի մեծ թվով հիվանդներ ներառել հետազոտությունում: Գլիոբլաստոմայով հիվանդ մի կին փայտացման դեմ պատվաստանյութի ներարկումից հետո ապրում է արդեն 8 տարի՝ չնայած նրան, որ 2006 թվականին՝ հիվանդության ախտորոշման ժամանակ, բժիշկները նրան երեք ամսվա կյանք էին տալիս: