Ոչ բոլորը գիտեն, որ երիկամների ու սրտի առողջությունը փոխկապակցված է: Սրտի իշեմիկ հիվանդությունը ամեն տարի երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող բազմաթիվ մարդկանց  կյանքեր է խլում: Եվ եթե նույնիսկ հիվանդները դիալիզ կամ նոր երիկամ են ստանում, սրտի նոպայի հավանականությունը գրեթե չի նվազում:

Ո՞րն է կապը երիկամների հիվանդությունների եւ սրտի միջեւ

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները պնդում են, որ գտել են այս հարցի հնարավոր պատասխաններից մեկը: Նրանց խոսքով՝  պատճառը TMAO նյութն է (տրիմետիլին N օքսիդ), որ արտադրվում է աղիքային բակտերիաների կողմից ձվից եւ մսից: Բջջային եւ մոլեկուլյար բժշկության բաժանմունքի եւ կանխարգելիչ սրտաբանության եւ ռեաբիլիտացիայի բաժանմունքի ղեկավար Սթենլի Հազենի գլխավորած  հետազոտողների խումբը պարզել է, որ օրգանիզմում TMAO պարունակության մակարդակի եւ սրտային նոպայի, մահացու ելքով ինսուլտի հավանականության միջեւ անմիջական կապ գոյություն ունի:

Գիտնականները պարզել են, որ երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց օրգանիզմում որպես կանոն TMAO պարունակության բարձր մակարդակ է նկատվում: Բացի այդ՝ ինչպես ցույց տվեցին լաբորատոր հետազոտությունները, TMAO-ն նաեւ որոշ ազդեցություն ունի երիկամների հիվանդությունների զարգացման վրա:

Քլիվլենդի կլինիկայի երիկամների քրոնիկ հիվանդությունների կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Նելլիի կարծիքով՝ TMAO մակարդակը անմիջականորեն պայմանավորված է սննդակարգով: Եթե մարդը շատ կարմիր միս է ուտում, այդ նյութի պարունակության մակարդակի ցուցանիշը սկսում է աճել: Բուսակերների մոտ այդ ցուցանիշը սովորաբար ցածր է:

Հենց այդ պատճառով են բժիշկները պատրաստվում վերահսկել այդ նյութի պարունակությունը հիվանդների օրգանիզմում: Հնարավոր է՝ դա դրական անդրադառնա սրտային հիվանդությունների բուժման գործընթացի վրա: Ինչեւէ, արձանագրած արդյունքները շատ օգտակար կլինեն՝ թուլ տալով պարզել, արդյոք TMAO-ն է սպանում  մարդկանց, թե այդ նյութի պարունակության մակարդակի աճն ընդամենը հիվանդության ուղեկցող ախտանիշներից մեկն է: