Մեր սերը սմարթֆոնների, պլանշետների եւ այլ նմանատիպ սարքավորումների նկատմամբ բացասաբար է անդրադառնում մեր սեռական կյանքի վրա, նշում են Դարեմի համալսարանի մասնագետները:

Նրանց անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաներն իսկապես բացասաբար են անդրադառնում մեր սեռական կյանքի վրա: Հարցման մասնակիցների 40 տոկոսը խոստովանել է, որ երբեմն ստիպված է եղել հետաձգել սեքսը որեւէ մեկին զանգելու, հաղորդագրություն ուղարկելու կամ ինտերնետ մտնելու համար, իսկ հարցման ամեն երրորդ մասնակիցն էլ խոստովանել է, որ սեքսի ընթացքում երբեմն ստիպված է եղել պատասխանել հեռախոսազանգերի:

Հարցման մասնակիցներն ասել են նաեւ, որ հաճախ այցելում են սոցիալական ցանցեր եւ բջջային տարբեր հավելվածներ են օգտագործում զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ անկողնում գտնվելիս: Դա տպավորություն է ստեղծում, որ մարդիկ տարբեր աշխարհներում են ապրում:

Բժիշկ Մարկ ՄաքԿորմակը, որը հետազոտության շրջանակներում զրուցել է 15 զույգի հետ, նշել է, որ հեռախոսների եւ նոութբուքների օգտագործումը  ննջարանում պոտենցիալ վտանգ է պարունակում սեռական կյանքի համար: Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ հարցմանը մասնակցած զույգերի մեկ քառորդը տեսանկարահանում է իր սեքսը, իսկ 40 տոկոսը՝ էրոտիկ բնույթի նկարներ ուղարկում միմյանց:

Մասնագետները հիշեցնում են, որ ժամանակակից տեխնոլոգիաները երբեք ի զորու չեն լինի փոխարինել մարդկային շփումը: Եվ, չնայած նրան, որ դրանք օգնում են ավելի հետաքրքրիր դարձնել կյանքը, վերականգնել կապը հին ընկերների հետ, նոր ընկերներ գտնել, ննջարանում շատ ավելի լավ է կենտրոնանալ մեկը մյուսի, այլ ոչ թե սմարթֆոնի կամ պլանշետի վրա: