Գազերը մեր աղիքային համակարգում կարող են օգնել մի շարք հիվանդություններ ախտորոշել՝ ներառյալ հաստ աղիքի քաղցկեղը եւ բորբոքված աղիքների սինդրոմը: Այս մասին են հայտնում Ավստրալիայի Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական իսնտիտուտի գիտնականները:

Աղիքային բակտերիաների ակտիվությունը վերահսկելու համար մասնագետները հատուկ կապսուլաներ են մշակել, որոնք թույլ են տալիս պարզել, ինչ է կատարվում մեր աղեստամոքսային համակարգում: Կապսուլայի հեղինակները հույս են հայտնում, որ բժիշկները կկարողանան օգտագործել այն աղեստամոքսային հիվանդությունների՝ առանց ինվազիվ մեթոդների (օրինակ՝ կոլոնոսկոպիայի) օգտագործման  ախտորոշման համար:

Կապսուլան, ըստ գիտնականների, կարժենա 10 դոլար: Այն իրենից 10 մմ երկարությամբ հաբ է ներկայացնում, որը հիվանդը պետք է կուլ տա: Կապսուլան չափում է աղիքային գազերի կոնցենտրացիան հատուկ ընկալող սարքի, միկրոպրոցեսորի եւ բարձր հաճախականության ընկալող սարքի միջոցով: Այս կապսուլան կորոշի աղիքներում թթվածնի, մեթանի, ջրածնի եւ ծծմբաջրածնի պարունակությունը՝ համապատասխան տեղեկատվություն հաղորդելով փոքրիկ ալեհավաքի միջոցով: Ինքը կապսուլան օրգանիզմը կլքի բնական ճանապարհով մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում:

Շնորհիվ կապսուլայի հաղորդած տվյալների՝ գիտնականները կկարողանան ֆիքսել աղիքների գազերում տեղի ունեցող փոփոխությունները: Այս տեղեկատվությունը շատ կարեւոր է, քանի որ մարդկանց առողջությունը թուլանում է հիվանդությունների կամ սթրեսի պատճառով, աղիքային էկոհամակարգը եւս փոխվում է: Որոշ միկրոբներ սկսում են զարգանալ նոր պայմաններում, որոշներն էլ՝ անհետանում, այս մասին հնարավոր կլինի դատել կապսուլայի տրամադրած տվյալների շնորհիվ: Այդ նույն տվյալները կօգնեն պատկերացում կազմել մարդու առողջական վիճակի մասին: