Արյան նոր թեստը, որը երկու ժամվա ընթացքում թույլ է տալիս որոշել, ինչով է պայմանավորված ինֆեկցիան՝ վիրուսով թե բակտերիայով, թույլ կտա խուսափել հակաբիոտիկների ընդունումից այն դեպքերում, երբ դրանք պետք չեն կամ նույնիսկ վտանգավոր են: Ինչպես հայտնում է BBC-ն, այժմ կա թեստի լաբորատոր տարբերակը միայն, սակայն գիտնականները աշխատում են նաեւ պորտատիվ տարբերակի վրա:
Գաղտնիք չէ, որ երբեմն դժվար է որոշել, ինչն է ինֆեկցիայի պատճառը: Արյան անալիզը, իհարկե, օգնում է, սակայն երբեմն վիրուսները, բակտերիաները, վնասվածքներն ու քաղցկեղը կարող են միեւնույն էլեմենտներն արտադրել: Այսինքն՝ անալիզի պատասխանը ճշգրիտ չի լինի: Այս ամենի հետեւանքով տեղի է ունենում հակաբիոտիկների անհիմն օգտագործում, որն էլ վտանգավոր է նրանով, որ կարող է դեղորայքի նկատմամբ վիրուսների եւ բակտերիաների կայունություն ձեւավորել:
Իսրայելական գիտնականները եւ MeMed ընկերությունը պնդում են, որ նրանց նոր թեստը գլխիվայր կարող է շրջել դեղորայքային թերապիան: Փորձագետները վերլուծել են ինֆեկցիայի կասկածանքով հետազոտվող հիվանդների արյան շուրջ 300 նմուշ: Դեպքերի մեծամասնությունում թեստը ճշգրիտ որոշել է, բժիշկները գործ ունեն բակտերիալ թե վիրուսային ինֆեկցիայի հետ: Բանն այն է, որ բակտերիաներն ու վիրուսները ակտիվացնում են տարբեր սպիտակուցային ճանապարհներ մեր մարմնում: Հենց այս գործոնի նկատմամբ է զգայուն թեստը: Օրինակ, TRAIL սպիտակուցը շատ ակտիվ է վիրուսային ինֆեկցիայի դեպքում: Գիտնականներն այս թեստում ներառել են այս սպիտակուցի եւ երկու այլ սպիտակուցների հանդեպ զգայուն էլեմենտները:






