Հայերը սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ եւ ավելի հաճախ գալ կանխարգելիչ հետազոտությունների, կարծում է հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը:
Կանխարգելիչ հետազոտությունները շատ կարեւոր են, քանի որ դրանք, Խաչանուշ Հակոբյանի խոսքով, ապահովում են վաղ ախտորոշումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ բուժում իրականացնել: Ընդ որում՝ այդպիսի բուժումը շատ ավելի քիչ ժամանակ եւ ջանքեր կպահանջի բժիշկներից եւ ավելի քիչ գումար՝ հիվանդից: Այսպիսով, կանխարգելիչ բուժզննումը մարդկանց եւ նրանց ընտանիքի անդամներին կարող է ավելի առողջ դարձնել, նշում է մասնագետը:
Հատկապես կարեւոր է քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշումը. քաղցկեղի բուժումն առաջին կամ երկրորդ փուլում ավելի դյուրին է եւ արդյունավետ եւ մեծերի, եւ երեխաների դեպքում, սակայն քաղցկեղի որոշ տեսակներ կան (օրինակ, կրծքագեղձի քաղցկեղը, որը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է), որոնք շատ երկար կարող են որեւէ կերպ զգացնել չտալ եւ առանց կանխարգելիչ հետազոտությունների դրանք շատ ուշ են ախտորոշվում, երբ բուժումն արդեն գրեթե անհնար է:
Ինչպես նշում է Խաչանուշ Հակոբյանը, ուրախացնում է նաեւ այն, որ վերջերս կանխարգելիչ հետազոտությունների են գալիս ոչ միայն մայրաքաղաքի բնակչուհիները, այն նաեւ կանայք երկրի մարզերից: Ավելին՝ նրա խոսքով՝ իր ղեկավարած կենտրոն այցելող կանանց 40 տոկոսը հենց մարզերից է:
Իր հերթին համաճարակաբան Ինեսսա Նազարյանը նշեց, որ շատ մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել մասնավոր լաբորատորիաներ եւ անալիզներ հանձնել նույնիսկ առանց ուղեգրի՝ իր առողջական վիճակը պարզելու նպատակով: Այս միտումը, նրա խոսքով, շատ ուրախալի է եւ խոսում է այն մասին, որ շատերը սկսկել են հասկանալ՝ առողջությունը ապրելակերպի տեսակ է եւ դրան պետք է միշտ ուշադրություն դարձնել, այլ ոչ թե առիթից առիթ:






