Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի կարող սրտի կանգ առաջացնել, այդ պատճառով տարեց մարդիկ չպետք է հրաժարվեն ֆիզիկական վարժություններից այն մտավախության պատճառով, որ վերջինս կարող է մահվան պատճառ դառնալ, նշում են Cedars-Sinai Լոս Անջելեսի Սրտաբանական ինստիտուտի մասնագետները:
Մեծ Բրիտանիայում վերջին տարիներին մի քանի հոգի մահացել է Լոնդոնյան մարաթոնի տիպի մրցումների ժամանակ, ինչի պատճառով շատերը սկսեցին մտածել, որ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է սրտի հանկարծակի կանգի պատճառ դառնալ:
Գիտնականների խոսքով՝ մտավախությունները չափազանցված են: Մարդիկ պարզապես շատ են կենտրոնացել մահվան այդ դեպքերի վրա, քանի որ դրանք տեղի են ունեցել հազարավոր մարդկանց աչքի առջեւ, սակայն իրականում սրտի կանգը հիմնականում արձանագրվում է շատ ավելի հանգիստ պայմաններում եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետեւանք չի հանդիսանում:
Circulation ամսագրում լույս տեսած հետազոտության շրջանակներում գիտնականները ուսումնասիրել են 35-65 տարեկան տղամարդկանց եւ կանանց շրջանում սրտի հանկարծակի կանգի 1247 դեպք: Այդ դեպքերից ընդամենը 63-ն էին այս կամ այն կերպ կապված սպորտի հետ, իսկ մնացած դեպքերում պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն էին, որոնք, ամենայն հավանականությամբ, իրենց լուման էին ներդրել կատարվածի մեջ:
Հատկանշական է, որ այն մարդիկ, որոնց մոտ նոպա է արձանագրվել սպորտով զբաղվելու ընթացքում, կենդանի մնալու 23.2 տոկոս հնարավորություն ունեին, այնինչ մնացածների մոտ այդ ցուցանիշը կազմում էր 13.6 տոկոս: Հավանաբար, դա կապված է այն հանգամանքի հետ, որ սպորտով զբաղվելու ընթացքում մոտակայքում կարող են գտնվել մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն առաջին օգնություն ցուցաբերել մինչեւ շտապ օգնության ժամանումը:
«Մեր հետազոտությունը հաստատում է այն միտքը, որ ֆիզիկական վարժություններն անչափ օգտակար են եւ միաժամանակ վտանգավոր չեն, - նշել է բժիշկ Սամիթ Չագը վերոնշյալ համալսարանից, - այն նաեւ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է պահպանել անվտանգության բոլոր կանոնները, հատկապես տարեց մարդկանց դեպքում: 70 եւ 80-անց ավելի ու ավելի շատ մարդիկ են մասնակցում սպորտային մրցումներին՝ իրենց ավելի երկարակյաց դարձնելու համար»:
Սրտի հանկարծակի կանգը այդ օրգանի գործառույթների խափանում է: Այս դեպքում սիրտը դադարում է մարմնի կարեւորագույն օրգաններին արյուն մատակարարել: Սրտի կանգը տարբերվում է կաթվածից, որի դեպքում արյունը սիրտ չի հասնում:






