Հոլանդացիների բարձրահասակ լինելը կապված է բնակչության շրջանում որոշ գեների առկայության հետ: Այս եզրահանգմանն են եկել գիտնականները՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչու հոլանդացիները դարձան աշխարհի ամենաբարձրահասակ ազգը: Ինչպես հայտնում է Science News-ը, վերջին 150 տարվա ընթացքում հոլանդացիների հասակն ավելացել է 20 սմ-ով:
XVIII-XIX դարերում ամենաբարձրահասակը ամերիկացիներն էին, այժմ նրանք առաջատար են ճարպակալման մակարդակով: Հոլանդացիների այս «աճի» ժամկետը շատ փոքր է էվոլյուցիայի համար, այդ պատճառով այն սովորաբար բացատրում են սննդակարգի բարելավմամբ, մատչելի բժշկական ծառայություններով եւ երկրում եկամուտների հարաբերականորեն արդար բաշխմամբ:
Վերոնշյալ հարցի պատասխանը գտնելու համար Հերտ Ստյուլպը (Gert Stulp) Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության ինստիտուտից ուսումնասիրել է Հոլանդիայի հյուսիսային շրջանների բնակիչների տվյալների բազան: Գիտնականների հիմնական ուշադրությունն ուղղված է եղել 45-անց մարդկանց: Արդյունքում պարզվել է, որ 42 616 մարդուց բաձրահասական հոլանդացիներն ավելի շատ երեխաներ ունեին (առավելագույնը 0.24 երեխա): Կանանց շրջանում նմանատիպ երեւույթներ չէին արձանագրվել:
Ստյուլպը կարծում է, որ այդ արդյունքները խոսում են ընթացող էվոլյուցիայի մասին: Բարձրահասակ հոլանդացիներն ավելի շատ երեխաներ ունեն, եւ հենց նրանք են տարածում համապատասխան գեները: Հենց այս կերպ են հոլանդացիները գնալով ավելի բարձրահասակ դառնում:
Շատ ավելի հեշտ է բացատրել այս ամենը սեռական ընտրության առանձնահատկություններով: Հոլանդուհիներին ավելի շատ են դուր գալիս բարձրահասակ տղամարդիկ: Սակայն, հնարավոր է նաեւ, որ բարձրահասակ տղամարդկանց մոտ ավելի ուժեղ է իմունային համակարգը, կամ էլ նրանք ավելի հաճախ են բաժանվում՝ նոր ընտանիքներ ստեղծելով:






