Չին գիտնականները մոդիֆիկացրել են մարդու էմբրիոնի գեները: Էթիկական տեսանկյունից շատ կասկածելի այս փորձարկման արդյունքները լույս են տեսել Protein & Cell. Հետազոտության առաջատար հեղինակ Ցզյունցզյու Հուանը (Junjiu Huang) Սուն Յաթսենի համալսարանից, փորձարկման համար վերցրել է անկենսունակ էմբրիոնները:
Գիտնականներն օգտագործել են գենոմի մոդիֆիկացման CRISPR/Cas9 համակարգը՝ ԴՆԹ-ից մուտացիայի ենթարկված գեները հեռացնելու համար, որոնք արյան ծանր գենետիկական հիվանդություն են առաջացնում՝ բետա-տալասեմիա: 48 ժամվա ընթացքում մոդիֆիկացումը պետք է ավարտվեր, իսկ էմբրիոնները՝ աճեին մինչև 8 բջիջ:
Արդյունքում կենդանի մնաց 71 սաղմ, գենետիկորեն թեստավորվել են 54-ը, բայց միայն 28-ի մոտ գենոմը ճիշտ յուրացվեց, իսկ գենի մոդիֆիկացված տարբերակը պահպանեցին ընդամենը չորսը: «Նորմալ էմբրիոնների վրա այսպիսի վիրահատություններ իրականացնելու համար դրանց արդյունավետությունը պետք է մոտ լինի 100 տոկոսին: Ահա թե ինչու մենք կանգ առանք: Մեթոդը դեռևս բավականաչափ զարգացած չէ:», - նշում է Հուանը:
Հուանի խոսքով՝ իր հոդվածը հրաժարվել են ընդունել Nature-ն ու Science (աշխարհի առաջատար գիտական ամսագրեր) հենց էթիկական խնդիրների պատճառով, որոնք կապված են էմբրիոնի գենոմի մոդիֆիկացման հետ:






