Խոհանոցային սրբիչների եւ բջջային հեռախոսների վրա պարունակվում են ահռելի քանակությամբ բակտերիաներ՝ նույնիսկ ավելի շատ, քան կեղտոտ սպասքի կամ լվացարանի վրա, զգուշացնում են ԱՄՆ Kansas State University մասնագետները:
Ինչպես նշեց հետազոտության հեղինակ բժիշկ Ժաննա Սնիդը, մարդիկ հաճախ են դիպչում խոհանոցային սրբիչներին՝ մինչեւ ձեռքերը լվանալը, ինչը նպաստում է բակտերիաների տարածմանը: Այնուհետեւ, լվանալով ձեռքերը, նրանք եւս մեկ անգամ են դիպչում սրբիչներին՝ բակտերիաներին թույլ տալով կրկին հայտնվել ձեռքերի վրա:
Գիտնականների խոսքով՝ խոհանոցային սրբիչների 90 տոկոսը վարակված է թունավորումներ (երբեմն՝ շատ լուրջ թունավորումներ) առաջացնող բակտերիաներով:
Նույն համալսարանի աշխատակիցների եւս մեկ հետազոտություն ցույց տվեց, որ բջջային հեռախոսը տաս անգամ ավելի շատ բակտերիաներ է պարունակում, քան ունիտազի նստատեղը: Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները հետեւել են 123 մարդու՝ սնունդ պատրաստելու ժամանակ: Պարզվեց, որ շատերը սնունդ էին պատրաստում՝ բջջային հեռախոսն անպայման իրենց կողքին պահելով, երբեմն դիպչելով դրան եւ բռնելով ձեռքում, ինչը եւս բարձրացնում էր թունավորման հավանականությունը: Բացի այդ՝ շատերը հեռախոսն իրենց հետ զուգարան են վերցնում: Այնուհետեւ այդ նույն հեռախոսը նրանք կարող են դնել սեղանի վրա՝ մերթընդմերթ դիպչելով դրան սնունդ պատրաստելու ընթացքում:






