Մինչեւ վերջերս մարդկությունը չգիտեր, ինչպես ազատվել հետապնդող մեղեդիներից, որոնք երբեմն դուրս չեն գալիս մարդկանց մտքից: Սակայն այժմ բրիտանական Ռեդինգի համալսարանի գիտնականները անսովոր միջոց են առաջարկում՝ այս մեղեդիներից ազատվելու համար: Պետք է պարզապես ծամոն ծամել:

«Եթե որեւէ մեղեդի սկսում է հետապնդել Ձեզ, ազատվել նյարդայնացնող այդ նոտաներից կարելի է սովորական ծամոնի միջոցով», - պնդում են գիտնականները:

Հետազոտության ընթացքում նրանք մի քանի հազար մարդու շրջանում հարցում են իրականացրել: Իրենք մասնագետները խոստովանում են, որ չէին սպասում, որ հետապնդող մեղեդիները կարող են այսքան շատ մարդու կյանք դժվարացնել: Պարզվեց, որ, օրինակ, հարցվածների 90 տոկոսը տանջվում է հետապնդող մեղեդիների պատճառով առնվազն շաբաթը մեկ, իսկ 15 տոկոսի համար այս մեղեդիները իսկական պատիժ են դարձել (մարդիկ նշում են, որ այդ մեղեդիները հետապնդում են իրենց 2-3 օր կամ ավելի):

Հարցումից զատ՝ Ռեդինգի գիտնականները նաեւ փորձարկում են իրականացրել 98 կամավորի մասնակցությամբ, որոնց մշտապես տանջում էին հետապնդող մեղեդիները: Պարզվեց, որ մեղմել նրանց տանջանքները կարող է սովորական ծամոնը: Երբ բժիշկները առաջարկեցին այս մարդկանց իրենց նախընտրած համի մաստակ ծամել, հետապնդող մեղեդիների ակտիվությունը նվազեց երկու անգամ:

Բացի այդ՝ հետազոտության հեղինակները պարզել են, որ երբ հետապնդող այս մեղեդիներից մեկն ակտիվանում է, ոչ մի դեպքում չի կարելի մատներով թխթխկացնել՝ երաժշտության տակտին համահունչ, քանի որ դա միայն վատթարացնում է իրավիճակը, եւ անկոչ այս մեղեդին կարող է ակտիվ լինել մի քանի ժամվա ընթացքում: