Հատկանշական է, որ շաքարը պարունակվում է ոչ միայն քաղցրավենիքում, այլ նաեւ մեր կողմից ամեն օր օգտագործվող մթերքներում: Բարիատրիկ վիրաբույժ Ջո Կոլելլան ներկայացնում է այն մթերքների ցուցակը, շաքարի պարունակությունը որոնցում անչափ բարձր մակարդակի վրա է:
1. Պատրաստի սոուսներ
Սպագետիի համար նախատեսված պատրաստի սոուսներում սովորաբար պարունակվում է 6-12 գրամ շաքար (կես բաժակում): Այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս ինքնուրույն պատրաստել այդ սոուսները (լոլիկից, կանաչեղենից ու ձիթապտղից):
2. Յոգուրտներ
Քաղցր յոգուրտի մեկ չափաբաժնի մեջ պարունակվում է 17-33 գրամ շաքար, այդ պատճառով դրա փոխարեն ավելի լավ է գնել ոչ քաղցր հունական յոգուրտ եւ ավելացնել դրան մրգեր ու հատապտուղներ:
3. Արագ պատրաստման վարսակաձավար
Վարսակաձավարը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում եւ նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, սակայն արոմատիզատորներ պարունակող վարսակաձավարը պարունակում է նաև 10-15 գրամ շաքար: Մասնագետը խորհուրդ է տալիս գնել հասարակ վարսակաձավար, իսկ պատրաստելու ժամանակ դրան ավելացնել կտրտած խնձոր կամ հատապտուղներ:
4. Համեմունքներ սալաթի համար
Սալաթների համար հեղուկ համեմունքներում շաքարի պարունակությունը բարձր է՝ երկու ճաշի գդալում 7 գրամ: Դրա փոխարեն կարելի է օգտագործել ձիթապտղի ձեթ, քացախ եւ/կամ լիմոնի հյութ:
5. Էներգետիկ ըմպելիքներ
Այսպիսի խմիչքների մեկ չափաբաժնում 25 գրամ շաքար է պարունակվում: Դա ավելի շատ է օրական թույլատրելի չափաբաժնից:
6. Կաղամբի սալաթ
Արագ սննդի կետերում, որտեղ կաղամբի սալաթ են մատուցում, այդ կերակուրի մեջ 15 գրամ շաքար են ավելացնում, ինչը ուտեստը պակաս օգտակար է դարձնում:
7. Թեյ
Պատրաստի թեյում շաքարի պարունակությունը եւս շատ բարձր է (որոշ տեսակներում՝ ընդհուպ մինչեւ 32 գրամ):
8. Կետչուպ
Կետչուպը եւս առաջատար է շաքարի պարունակության տեսանկյունից:






