Բացառված չէ, որ դեպրեսիայի իրական պատճառը օրգանիզմում ընթացող բորբոքային գործընթացն է, նշում են Քեմբրիջի համալսարանի մասնագետները: Այս դեպքում դեպրեսիան կարելի է բուժել ոչ թե բազմաթիվ կողմնակի էֆեկտներ (ներառյալ լիբիդոյի կորուստն ու ավելորդ քաշը) ունեցող հակադեպրեսանտներով, այլ հասարակ հակաբորբոքային միջոցներով, օրինակ՝ ասպիրինով:

Վերոնշյալ գիտնականնրը ենթադրել են, որ վատ տրամադրությունը կարող ինֆեկցիաների պատճառով առաջացած բորբոքային գործընթացներով պայմանավորված լինել:  Գիտությանը բազմաթիվ ապացույցներ են հայտնի, որոնք վկայում են դեպրեսիայի ու բորբոքումների միջեւ առկա կապի մասին:  2013 թվականին, օրինակ, դանիացի գիտնականները բացահայտել են, որ դեպրեսիան կարող է աուտոիմունային հիվանդությունների հետեւանք լինել (օրինակ՝ արտրիտ կամ Կրոնի հիվանդություն): Այդ հիվանդությունները 45 տոկոսով ավելի հավանական են դարձնում դեպրեսիայի առաջացումը: Ավելին՝ լուրջ բորբոքային ինֆեկցիաներ՝ սեպսիս կամ հեպատիտ, տարած պացիենտները 62 տոկոսով ավելի հաճախ էին տառապում դեպրեսիայով:

Այժմ վերոնշյալ գիտնականները հետեւել են 4500 երեխաների, որոնք ծնվել են Բրիստոլում եւ դրա շրջակայքում 1990-ականներին: Հետազոտողները նրանցից արյան նմուշներ են վերցրել, երբ նրանք 9 տարեկան էին՝ ինտերլեյկին-6 սպիտակուցի պարունակությունն արյան մեջ պարզելու համար: Այս սպիտակուցը բորբոքային պրոցեսների մարկերներից մեկն է: Այնուհետեւ երեխաներին հետեւել են 9 տարվա ընթացքում, եւ արդյունքները ցույց են տվել, որ օրգանիզմում բորբոքային պրոցեսների ամենաբարձր ցուցանիշ ունեցողները դեռահաս տարիքում երկու անգամ ավելի հաճախ էին բախվում դեպրեսիայի հետ: