Սպորտային սննդային հավելումներում պարունակվող նյութերը կարող են ինսուլտ առաջացնել բացարձակապես առողջ կանանց մոտ: Այս մասին են հայտնում շվեդ բժիշկները, որոնք փորձել են պարզել 53-ամյա կնոջ ինսուլտի պատճառը: Նշենք, որ կինը ինսուլտ էր տարել հենց մարզասրահում:
Պարզվեց, որ մարզումից առաջ նա Jacked Power անվանումով հավելումներ է օգտագործել, որոնք արտադրվում են շվեդական MM Sports ընկերության կողմից:
45 րոպե մարզվելուց հետո կինը զգացել է, որ թմրել է իր աջ ձեռքը: Թմրածությունը չի անցել ամբողջ օրվա ընթացքում: Կինը գնացել է բժշկի եւ համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ կինը հեմորագիկ ինսուլտ է տարել, որի դեպքում պատռվում են անոթները եւ տեղի է ունենում արյան արտահոսք՝ դեպի ուղեղ:
Կինը ապաքինվել է եւ 5 օր անց նրան դուրս են գրել: Սակայն կինը ինսուլտին նպաստող ռիսկի գործոնների ազդեցության տակ չի գտնվել: Նա ընտանեկան անմամնեզում չի ունեցել ավելորդ քաշ, բարձր զարկերակային ճնշում կամ ինսուլտ: Այդ պատճառով բժիշկները ենթադրել են, որ ինսուլտի պատճառը կնոջ ընդունած սննդային հավելումն է:
Շվեդ գիտնականների ամերիկացի գործընկերները խնդրել են իրենց տրամադրել Jacked Power-ի նմուշ: Այդ հավելման մեջ գիտնականները բետա-մետիլֆենիլամին (BMPEA) նյութ են գտել, որն իր քիմիական ազդեցությամբ նման է ամֆետամինի: Նախկինում այն երբեք չի փորձարկվել մարդկանց վրա, այդ պատճառով մարդու կողմից այն ընդունելու հետեւանքները հայտնի չեն:
Կնոջ ինսուլտի ամենահավանական պատճառը հենց այս նյութն է դարձել: Մասնագետները կոչ են անում զգոն լինել հավելումներ օգտագործելիս եւ պարզել դրանցում BMPEA առկայությունը:






