Սովորաբար սնկային հիվանդություններն ախտահարում են բերանի խոռոչը եւ սեռական օրգանները, սակայն, պարզվում է, դրանք կարող են ախտահարել նաեւ քթի, ինչպես նաեւ հայմորային խոռոչները:

«Արտմեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանը մեր թղթակցին պատմեց այն մասին, որ քթի խոռոչներում սնկային հիվանդությունները շատ հազվադեպ երեւույթ են, եւ երկար տարիների պրակտիկայի ընթացքում նա այդպիսի հիվանդություն չի տեսել: 2010 թվականին, սակայն, բժիշկը գնացել է Մոսկվա՝ վերապատրաստման, եւ այնտեղ տեսել, ինչպես են սֆենոիդալ խոռոչից վիրաբուժական եղանակով հեռացրել սունկը, որը ԿՏ պատկերի վրա նման է եղել օտարածին մարմնի:

Վերապատրաստումից հետո բժիշկը վերադարձել է Հայաստան եւ, հատկանշական է, որ 3 տարվա ընթացքում արդեն 2 անգամ է հայմորային խոռոչներում սնկային հիվանդության դեպք հանդիպել: Երկու դեպքում էլ բժիշկը հեռացրել է սնկերը եւ հակասնկային բուժում նշանակել:

«Հատկանշական է, որ մինչ Մոսկվայում այն առաջին դեպքը տեսնելը ես երբեւէ չեմ հանդիպել այդպիսի հիվանդություն, միայն կարդացել եմ դրա մասին: Սակայն բավական էր այն մի անգամ տեսնել, եւ իմ պրակտիկայում այդպիսի հիվանդներ հայտնվեցին», - նշեց Արայիկ Ղարիբյանը:

Նշենք, որ քթի սնկային ինֆեկցիաները շատ հազվադեպ երեւույթ են, որոնք հանդիպում են թուլացած իմունիտետով մարդկանց մոտ: Ամենատարածված սնկային ինֆեկցիաներն են ասպերհիլեզը, մուկորոմիկոզը, կանդիդոզը, գիստոպլազմոզը եւ բլաստոմիկոզը: