Բրիտանացի գիտնականները բացառիկ ցողունային բջիջներ են հայտնաբերել, որոնց միջոցով կարելի է արդյունավետ կերպով բուժել կաթվածի հետեւանքները: Այս բացահայտումը հնարավորություն է տալիս բուժվել սիրտ-անոթային համակարգի վտանգավոր հիվանդություններ ունեցող միլիոնավոր մարդկանց:

Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ գոյություն ունի ցողունային բջիջների հատուկ տեսակ, որը նպաստում է սրտամկանի ռեգեներացիային՝ կաթվածից հետո: Փորձարկումների ընթացքում գիտնականները պարզել են, որ լաբորատոր մկները, որոնց բուժում էին այս տեսակի ցողունային բջիջներով, կարողացան գրեթե ամբողջությամբ վերականգնել վնասված սրտամկանի զգալի մասը թերապիայի ընդամենը 12 շաբաթների ընթացքում: Այս բուժման միջոցով հնարավոր եղավ կանխել սրտային անբավարարության զարգացումը:

Հետազոտության հեղինակները պարզել են, որ ցողունային բջիջները, որոնց միջոցով հնարավոր է հաղթահարել կաթվածի հետեւանքները, իրենց մակերեսին յուրահատուկ սպիտակուցներ ունեն: Դրանց միջոցով գիտնականները կարողացան գտնել, զտել եւ անհրաժեշտ քանակությամբ բազմացնել այն ցողունային բջիջները, որոնք կարելի է ներարկել սրտամկանի հատված:

Այժմ, երբ գիտությանը հայտնի է, ինչպես օգտագործել այս ցողունային բջիջները, պետք է գտնել դրանց այնպիսի նմուշներ, որոնք կիրառելի կլինեն մարդկային սրտերի համար, ինչը կարող է ռեգեներատիվ բժշկության զարգացման նոր փուլի մեկնարկ լինել: