Քնած ժամանակ մարդու ստացած ինֆորմացիան կարող է ազդել նրա աշխարհընկալման վրա եւ նույնիսկ ավելի տոլերանտ դարձնել, նշում են փորձարկման կազմակերպիչները, որի արդյունքները լույս են տեսել Science ամսագրում:
Հետազոտության ղեկավար Սյաո Ցին Հուն (Xiaoqing Hu) պատմեց, որ փորձարկումը երկու փուլից է բաղկացած եղել: Սկզբում փորձարկման մասնակիցներին մարդկանց դեմքեր էին ցույց տալիս, որոնք բաժանված էին երկու խմբի: Առաջին խմբում ընդգրկված են եղել կանանց պատկերները՝ մաթեմատիկային եւ գիտությանը վերաբերվող տարբեր պնդումների շրջապատում, իսկ երկրորդ խմբում՝ սեւամորթ մարդիկ, որոնց նկարներն ուղեկցվում էին դրական էմոցիոնալ ֆոն ունեցող բառերով: Ամեն խմբի նկարների ցուցադրումն ուղեկցվում էր առանձին որեւէ մի ձայնային ազդանշանով:
Այնուհետեւ փարձարկման մասնակիցները քնում էին 90 րոպեով: Երբ քունը խոր ֆազա էր մտնում, հնչեցվում էր վերոնշյալ ձայնային ազդանշաններից մեկը, ընդ որում՝ մարդիկ նախապես չգիտեին, ինչ ձայն է հնչեցվելու:
Ինչպես պարզեցին գիտնականները նկարները դիտելուց հետո եւ քնելուց առաջ փորձարկման մասնակիցների մոտ մեղմվում էր գիտությամբ զբաղվող կանանց նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, նույնը վերաբերվում էր նաեւ մաշկի այլ գույն ունեցող մարդկանց: Սակայն եթե քնի ընթացքում փորձարկման մասնակիցները որեւէ ձայն չէին լսում, այս ցուցանիշը որեւէ կերպ չէր փոխվում:
Իսկ ահա ազդանշանները լսելու արդյունքում մարդիկ 56 տոկոսով ավելի տոլերանտ էին դառնում: Մեկ շաբաթ անց իրականացված կրկնակի թեստավորումը ցույց տվեց, որ տոլերանտության ցուցանիշը չվերադարձավ մինչեւ փորձարկումն առկա մակարդակին՝ սկզբնական ցուցանիշներից 20 տոկոս ցածր մնալով:
Գիտնականները կարծում են, որ մեթոդն աշխատում է այն պատճառով, որ քնի ընթացքում մարդիկ նորից են վերապրում օրվա ընթացքում տեղի ունեցածը՝ ինֆորմացիան կարճաժամկետ հիշողությունից երկարաժամկետ տեղափոխելով:
Հետազոտության հեղինակները նշում են, որ առայժմ հնարավոր չէ հասկանալ, պահպանվում է արդյոք այս էֆեկտը մեկ շաբաթից ավել:






