Օրական 100 գրամ շոկոլադը թույլ է տալիս 11 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը եւ 23 տոկոսով՝ ինսուլտների հավանականությունը, հայտնում են University of Aberdeen School of Medicine and Dentistry-ի գիտնականները:

Այս եզրակացության գալու համար գիտնականները ավելի վաղ անցկացված ութ հետազոտության անալիզ էին իրականացրել, որոնց մասնակցել է 158 հազար մարդ:

Գիտնականների խոսքով՝ չկա ոչ մի ապացույց, որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի խմբում գտնվող մարդիկ պետք է հրաժարվեն շոկոլադից: Ավելին՝ շոկոլադը օգտակար է սրտի համար, սակայն այս մթերքի ազդեցության աստիճանը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վրա դեռեւս անհայտ է:

Ինչպես նշեց բժիշկ Ֆիո Մինթը՝ հետազոտության հեղինակներից մեկը, գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ ֆլավոնոլները՝ շոկոլադում պարունակվող նյութերը, կարող են նվազեցնել զարկերակային ճնշումը եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ ֆլավոնոլները, որոնք պարունակվում են ոչ միայն կակաոյում, այլ նաեւ բուսական ծագման մի շարք այլ մթերքներում, բարելավում են ուղեղի սնուցումն արյունով, տրոմբոցիտները պակաս կպչուն են դարձնում՝ նվազեցնելով այդպես տրոմբերի ի հայտ գալու հավանականությունը, եւ, որպես հետեւանք, նվազեցնում նաեւ ինսուլտների հավանականությունը:

Մյուս կողմից՝ հետազոտության արդյունքները այդքան էլ միանշանակ չեն, քանի որ օրական 100 գրամ եւ ավել շոկոլադ ուտողները, որպես կանոն, երիտասարդ էին եւ ամեն դեպքում սրտի հետ խնդիրներ ունեին:

Բացի այդ՝ պետք չէ մոռանալ, որ շոկոլադը բարձր կալորիականություն ունեցող մթերք է, եւ դրա չարաշահումը ոչ միայն փչացնում է ատամները, այլ նաեւ կարող է հանգեցնել ավելորդ քաշի եւ ճարպակալման ի հայտ գալուն:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Heart ամսագրում: