Ամռանը շատ մարդիկ ավելի քիչ միս են սկսում ուտել՝ մտածելով, որ շոգին միս ուտելը վտանգավոր է: Իսկ ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները:

Դեիտոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը կարծում է, որ միսը մշտապես է անհրաժեշտ օրգանիզմին՝ անկախ տարվա եղանակից ու ջերմաստիճանից: Բանն այն է, որ միսը ամինաթթուների աղբյուր է, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ֆունկցիաների պահպանման համար:

Ամռանն, իհարկե, մսի ներկայությունը սննդակարգում ցանկալի է կրճատել, իսկ դրա փոխարեն ավելացնել բուսական սպիտակուցների քանակը: Սակայն, ամեն դեպքում, մսից ամբողջապես հրաժարվելը այնքան էլ լավ գաղափար չէ:

Ինչ վերաբերվում է ամռան ամիսներին միս ուտելու վտանգներին, Հասմիկ Աբովյանը այն կարծիքին է, որ ճիշտ պահպանման եւ պատրաստման դեպքում միսը վտանգավոր չէ ոչ ամռան, ոչ էլ ձմեռվա ընթացքում: Կարեւոր է, սակայն, որ միսը թարմ լինի ու ենթարկված չլինի բազմակի սառեցումներին ու հալեցումներին: Այսօր, ցավոք, բազմաթիվ միջոցներ կան՝ հին մսին շուկայական տեսք հաղորդելու համար: Այդպիսի մսից պետք է խուսափել, քանի որ այն պարզապես վնասակար է օրգանիզմի համար: Պետք է այնպիսի միս գնել, որի թարմությունը կասկածներ չի հարուցում:

Մասնագետի խոսքով՝ կարեւոր է այդ միսը ճիշտ պատրաստելն է, որպեսզի այն հում չմնա եւ վտանգավոր բակտերիաներն ու միկրոբները չկարողանան կենդանի մնալ դրանում: