Ֆրանսիական համբույրները օգտակար են առողջության համար, ընդ որում՝ դրանց օգտակարությունը հիմնված է նույն այն փաստարկների վրա, որոնցով նախկինում հիմնավորում էին այդ համբույրների վնասակարությունը:
Երկար ժամանակ բժիշկները պնդում էին, որ խորը ֆրանսիական համբույրը անվտանգ չէ առողջության համար, քանի որ թքի հետ միասին զուգընկերների միջև նաև պաթոգեն միկրոօրգանիզմների փոխանակում է տեղի ունենում: Սակայն «Բերանի միկրոֆլորայի փոփոխությունը ինտիմ համբույրի միջոցով» հետազոտության հեղինակները եկել են միանգամայն այլ եզրահանգման:
Նրանք պարզել են, որ ֆրանսիական համբույրների ժամանակ կարգավորվում է «դրական բակտերիաների» բալանսը, ինչը իր հերթին ամրապնդում է մարդու իմունային համակարգը: 10 վայրկյան տևողությամբ համբույրի դեպքում 80 մլն բակտերիաների փոխանակում է տեղի ունենում, և պարտադիր չէ՝ վատ բակտերիաների: Ավելի հաճախ համբույրներից հետո աճում է «դրական բակտերիաների» մակարդակը:
Գիտնականները նկատել են, որ ֆրանսիական համբույրներ նախընտրողները ավելի հազվադեպ են մրսածություն ունենում: Հանբույրի ժամանակ մարդու արյան մեջ հաճույքի հորմոնների՝ օկսիտոցինի ու դոֆամինի արտադրություն է տեղի ունենում:
Մարդու շրթունքների վրա ավելի քան մեկ միլիոն նյարդեր կան, դա մարմնի ամենազգայուն մասերից է: Այդ պատճառով, եթե Դուք նույնիսկ մի թեթև եք հպվում շրթերով Ձեր սիրելիի հետ, ռեցեպտորները ազդակներ են ուղարկում ուղեղին և վերջինս ապահովում է Ձեզ դրական էմոցիաներով:






