Ճիշտ չէ հարստացնել ալյուրի 80 տոկոսը, սպառողը չպետք է զրկվի ընտրելու իրավունքից: Այս կարծիքը հայտնեց Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ, ապրանքների եւ ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար   Միլետա Արեստակեսյանը:

Նրա խոսքով՝ նա եւ նույն կարծիքն ունեցող մասնագետները դեմ են ոչ թե հենց ալյուրի հարստացմանը: Նրանք դեմ են հարստացման ծավալին: Նրանք կարծում են, որ շուկայում պետք է լինի ինչպես հարստացված, այնպես էլ չհարստացված ալյուր, եւ սպառողը պետք է իրավունք ունենա ընտրել այն, ինչ ցանկանում է:

Հարստացված հացը, Միլետա Արիստակեսյանի խոսքով՝ կարող է շատ օգտակար լինել որոշակի հիվանդություններով՝ օրինակ, անեմիայով տառապող մարդկանց համար: Այսպիսի մարդիկ պետք է հնարավորություն ունենան ձեռք բերել նաեւ երկաթով ու ֆոլաթթվով հարստացված հաց: Ավելին՝ բժիշկները պետք է խորհուրդ տան նրանց գնել այս հացը:

Սակայն անեմիայով տառապող մարդկանց հետ մեկտեղ կան նաեւ մարդիկ, որոնց օրգանիզմում երկաթի կամ ֆոլաթթվի ավելցուկ կա, եւ հարստացված հացը նրանց համար վտանգավոր է:

Բացի այդ՝ եթե ամբողջ ալյուրը հարստացվի, կա վտանգ, որ մարդիկ կսկսեն ավելի շատ ֆոլաթթու ու երկաթ ստանալ, քան պետք է, քանի որ այս նյութերը կլինեն ոչ միայն հացի, այլ նաեւ ալյուրից պատրաստված բոլոր մնացած մթերքներում:

«Ցանկացած նյութ կարելի է օգտագործել որոշակի քանակությամբ: Օրինակ, օձի թույնը նույնպես կարող է դեղ լինել, եթե այն օգտագործվի փոքր քանակությամբ, եւ մահացու կարող է լինեն՝ եթե շատ լիի: Նույնը կարելի է ասել նաեւ վիտամինների մասին», - եզրափակեց Միլետա Արեստակեսյանը: