Մեծ Բրիտանիայում սկսվել են առաջին կլինիկական հետազոտությունները, որոնցում շները կօգտագործվեն շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար։
Medical Detection Dogs բարեգործական ընկերությունը, որը շներին վարժեցնում է տարբեր հիվանդություններ ախտորոշելու ուղղությամբ, Milton Keynes University-ից երեք հազար հիվանդի մեզի նմուշ կստանա կլինիկական հետազոտությունների համար, որոնք կտեւեն երեք տարի։ 9 շուն կհոտոտի այդ անալիզները, իսկ շների եզրակացությունը գրի կառնեն եւ կհամեմատեն հետազոտման ավանդական եղանակով ստացված արդյունքների հետ, որպեսզի գնահատեն շների ախտորոշման վստահելիությունը։
Մի քանի երկրում իրականացվող կլինիկական հետազոտությունները թույլ են տվել ենթադրել, որ շների հոտառական հմտությունները շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման ավելի վստահելի գործիք են, քան ավանդական բժշկական թեսթերը։ Ներկայումս Medical Detection Dogs-ի գնահատականով շների ախտորոշման վստահելիությունը 93% է։ Դա իրոք գերազանցում է ավանդական լաբորատորիաների համանման ցուցանիշները։
Շագանակագեղձի ուռուցքները տղամարդկանց մոտ քաղցկեղի ամենատարածված ձեւն են շատ արեւմտյան երկրներում, դա նաեւ հիվանդության չորրորդ ամենամահացու տարատեսակն է։ Գիտնականների կարծիքով մոտավորապես յուրաքանչյուր 8-րդ տղամարդը կյանքի ընթացքում կբախվի տվյալ քաղցկեղի հետ։ Ներկայումս բժիշկները չունեն շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման մեկ միասնական տարբերակ։






