Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ հնարավոր է ազդել մարդու ցավի զգացողության վրա։ Նրանք հայտնաբերել են, որ ցավի մակարդակը պայմանավորված է PRDM12 գենով, որը պատասխանատու է նյարդային բջիջների զարգացման համար։ Այն ցավի զգացողության յուրահատուկ կարգավորիչ է։
«Ցավային գենի» ազդեցության աստիճանը ստուգելու համար գիտնականները մկների վրա փորձարկում են կատարել։ Նրանք կրծողներին զրկել են PRDM12 գենից եւ հետեւել են նրանց պահվածքին եւ առողջական վիճակին։
Պարզվել է, որ փորձարկվող մկներն ավելի շատ վնասվածքներ են ստացել, քան նրանք, որոնց գենը չէին հեռացրել։ Դա նշանակում է, որ ցավային ազդակները ահազանգում են վտանգի մասին, ինչը կենդանիներին եւ մարդուն հնարավորություն է տալիս խուսափել տարբեր վնասվածքներից։
Բայց այս փորձարկման մեջ ամենահետաքրքիրն այն է, որ վերոհիշյալ գենից զրկված մկներն իրենց ազգակիցներից շատ ավելի երկար են ապրել։ Հետազոտության այդ անսպասելի արդյունքը գիտնականներին հնարավորություն է տվել եզրակացնել, որ ցավոտ զգացողությունների բացակայությունը ուղղակիորեն կապված է երկարակեցության հետ։






