Գիտնականները հաջողությամբ հարություն են տվել մի հնագույն վարակահարուցչի եւ այն օգտագործել են մկների աչքի ցանցաթաղանթի, լյարդի, մկանային հյուսվածքի գենային բուժման համար, ասվում է Cell Reports ամսագրում տպագրված հոդվածում։
Գենային բուժումը համեմատաբար նոր եւ փորձարարական մոտեցում է, որի ժամանակ որեւէ հիվանդություն կանխարգելելու եւ բուժելու համար գեներ են օգտագործում դեղամիջոցների փոխարեն։
«Մենք համարում ենք, որ մեր հետազոտությունը կօգնի հասկանալ այնպիսի բարդ կենսաբանական կառույցներ, ինչպիսիք են, օրինակ, AAVs-ը՝ ադենոասոցիացված վարակահարուցիչները։ Հույս ունենք նոր սերնդի հարուցիչներ մշակել՝ դրանք որպես վեկտորներ գենային բուժման մեջ օգտագործելու համար», ասել է հետազոտության հեղինակ, Հարվարդի բուժական դպրոցի դոցենտ Լուկ Վանդերբերգը (Luk Vandenberghe)։
Վարակահարուցիչները գեների տրամադրման իդեալական միջոց են։ Դրանք ողջ են մնում, երբ գենետիկ նյութը տեղադրում են օրգանիզմների բջիջների մեջ։ Հետո դրանք իրենք իրենց պատճենում են ու բազմանում։ Ադենոասոցիացված վարակահարուցիչները փոքրիկ հարուցիչներ են, որոնք վարակում են մարդկանց, բայց հիվանդության պատճառ չեն դառնում։ Այդ առանձնահատկությունը նրանց իդեալական է դարձնում գենային բուժման համար։
Գենային բուժման մշակողներն ընտրել են այն ԱԱՎ-ները, որոնք շրջանառվում են մարդկային պոպուլյացիայում։ Բայց խնդիրն այն է, որ երբ մարդը նման վարակի ազդեցությանն է ենթարկվում, նրա իմունային համակարգը հիշում է դա եւ փորձում է հաջորդ անգամ վերացնել նրան։ Արդյունքում ԱԱՎ-ի հիմքի վրա գենային թերապիայի արդյունավետությունը սահմանափակ է։
Որոշվել է նոր, լավորակ ԱԱՎ-ներ նախագծել, որոնց հիվանդի իմունային համակարգը չի ճանաչի եւ դրանով իսկ ժամանակ կտա, որ գեները հասցնեն բջիջներին։ Դա նման բուժումը մատչելի կդարձներ շատ հիվանդների համար։
Բայց ԱԱՎ-ներ նախագծելը բարդ է դրանց բարդ կառուցվածքի պատճառով։ Խնդիրը լուծելու համար գիտնականներն իրենց հայացքն ուղղել են վարակահարուցիչների նախնիներին։ Հարուցիչների տոհմածառն ուսումնասիրելով, գիտնականները կարողացել են հակառակ ուղղությամբ աշխատել՝ գնալ դեպի նախնիները՝ բացահայտելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել էվոլյուցիայի ընթացքում։ Նրանք ինը հարուցիչ են մշակել որոնք կառուցվածքային ամբողջականություն ունեին։ Երբ գիտնականները մկների վրա փորձարկել են հարուցիչները, նկատել են, որ դրանցից ամենահինը՝ Anc80-ը ի վիճակի է հաջող կերպով գեներ հասցնել լյարդ, մկաններ եւ ցանցաթաղանթի բջիջներ, առանց երկրորդական հետեւանքների։
Հետազոտողների երկրորդ քայլը կլինիկական օգտագործման համար ավելի կատարյալ վեկտորներ գտնելն էր։ Գիտնականները նաեւ պատրաստվում են ստուգել, թե արդյոք հնարավոր է Anc80- օգտագործել լյարդի հիվանդության եւ կուրության բուժման նպատակով։






