Աուտիզմով տառապող մարդիկ մեծ դժվարություններ են ունենում այլ մարդկանց հետ շփվելու հարցում, բայց նրանց վիճակը կապված է ավելի զարգացած ինքնատիպ եւ ստեղծագործ մտածողության հետ։  Նման եզրահանգման են եկել Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները։

Բրիտանացի հետազոտողները նկատել են, որ եթե մարդկանց մի խմբի առաջարկեն  որեւէ խնդրի լուծում տալ, աուտիզմով հիվանդներն ավելի քիչ առաջարկ կներկայացնեն։ Բայց նրանք ավելի հաճախ են արտասովոր մտածողություն դրսեւորում՝ ցուցաբերելով տպավորիչ ստեղծարար մոտեցումներ։

Ավանդաբար աուտիզմը կապում են հետաքրքրությունների նեղ լինելու եւ վերացական հասկացությունները վատ ընկալելու հետ, բայց աուտիզմով հիվանդ շատ հայտնիներ ակնառու ստեղծագործ միտք են դրսեւորում։ Չնայած աուտիզմով տառապողների մտածողությունը պակաս ճկուն է, նրանք այնուամենայնիվ ավելի ստեղծագործ են․ հենց դա է, որ զարմացրել է հետազոտողներին։

Ստեղծագործ մտածողության պարզագույն թեսթ է օգտագործվել այն փորձարկման ընթացքում, որին 312 կամավոր է մասնակցել՝ ինչպես աուտիզմով տառապող, այնպես էլ՝ չտառապող։ Բոլորին խնդրել են մտածել, թե ինչ կարելի է անել հասարակ ամրակից։ Աուտիզմով տառապողներն ավելի քիչ առաջարկներ են արել, բայց նրանք ամրակներն օգտագործելու  զգալիորեն ավելի ինքնատիպ մեթոդներ էին առաջարկում, օրինակ՝ ամրակը թղթե ինքնաթիռի բեռ դարձնել, ծաղիկներն ամրացնելու ամրալար, ինչպես նաեւ փոքրիկ ձեռնոցները մաքրելու գործիք կամ զարդի մի դետալ։