Օրական նույնիսկ մի բաժակ գինին 13 տոկոսով մեծացնում է կանանց մոտ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը: Այդ մասին հաղորդվել է Հարվարդի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտթյան մեջ, որը հրապարակվել է British Medical Journal-ում:

Հետազոտության համաձայն, ալկոհոլի նույնիսկ մի փոքրիկ քանակությունը մեծացնում է ոչ միայն կրծքի, այլեւ լյարդի, աղիքների, կոկորդի, բերանային խոռոչի, կերակրափողի եւ կոկորդի խռչակի քաղցկեղի զարգացման վտանգը:

Բժիշկ Յուրգեն Ռեմը նշել է, որ կանայք, որոնց ցեղում քաղցկեղի դեպքեր են եղել, հատկապես` կրծքի քաղցկեղի, պետք է հնարավորինս քիչ խմեն, իսկ իդեալականն այն կլինի, որ ընդհանրապես բացառեն ալկոհոլը:

Բոլորին վաղուց հայտնի է, որ ալկոհոլի չարաշահումը լյարդի, սրտի եւ այլ օրգանների խնդիրներ կարող է առաջացնել, բայց ալկոհոլի փոքր քանակության ազդեցության մասին մինչեւ վերջերս քիչ բան էր հայտնի: Հետազոտությունը, որի շրջանակում գիտնականները  30 տարվա ընթացքում ուսումանասիրել են 135 000 մարդկանց մասին տվյալներ, ցույց է տվել, որ օրական նույնիսկ 120 միլիլիտր գինին վտանգավոր է կանանց համար: Եթե կինն ամեն օր խմում է, նրա մոտ ամեն տեսակ քաղցկեղի առաջացման վտանգն ավելանում է 4 տոկոսով:

Տղամարդկանց դեպքում վիճակը մի քիչ այլ է: Եթե տղամարդը օրական 355 միլիլիտր գարեջուր է խմում, նրա մոտ էլ է ավելանում քաղցկեղի զարգացման վտանգը, բայց միայն այն դեպքում, եթե ծխում է կամ նախկինում ծխել է: Իսկ այն տղամարդկանց պարագայում, որոնք խմում են ավելի շատ, քան մասնագետները խորհուրդ են տվել, զարգանում է աղիքների քաղցկեղի զարգացման վտանգը: