Ոսկորների եւ սրտի առողջության միջեւ ավելի լուրջ կապ կա, քան կարելի է ենթադրել: Օրինակ՝ սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ ոսկորազանգվածի կորստի եւ կոտրվածքների վտանգը 6 անգամ ավելի է, քան առողջ սիրտ ունեցողների մոտ:
Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Սրտաբան Դենիս Գուդմանը պարզաբանում է, որ K2 վիտամինը չափազանց կարեւոր է ե՛ւ ոսկորների, ե՛ւ սրտի առողջության համար: Այդ վիտամինի ոչ բավարար քանակության պատճառով սննդի հետ մեր օրգանիզմ թափանցող կալցիումը, ոսկորներ հասնելու փոխարեն, մնում է անոթներում:
Օրգանիզմում K2-ի բավարար քանակության դեպքում կալցիումը հասնում է ոսկորներին եւ ամրացնում դրանք: Իսկ անոթներում կուտակվելու դեպքում խցանում է առաջացնում՝ հանգեցնելով սրտի եւ ուղեղի կաթվածի:
Վերջերս անցկացված հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition ամսագրում, գիտնականները 10 տարի շարունակ հետեւել են 55 տարեկանից մեծ 4.807 կամավորների սրտի վիճակին եւ նրանց օրգանիզմում K2 վիտամինի մակարդակին: Օրական 45 միկրոգրամ այդ վիտամինն օգտագործող մարդիկ 50%-ով ավելի քիչ են մահացել սրտային հիվանդությունների հետեւանքով եւ 25%-ով ավելի պակաս՝ ցանկացած այլ պատճառով:
Միակ խնդիրն այն է, որ այս վիտամինը սննդամթերքում բավական քիչ է: Անհրաժեշտ 45 միկրոգրամ K2 ստանալու համար հարկավոր է 3.5 կգ միս, 8 դեղնուց կամ 85 գրամ պանիր ուտել, կամ էլ 5 լիտր կաթ խմել:






