Գիտնականները մշակում են նոր թեստ, որը կօգնի հայտնաբերել գլաուկոման դրա առաջին ախտանիշների առաջացումից 10 տարի առաջ: Նոր տեխնոլոգիան, որը գտնում է աչքերի մահացող ներվերը, գիտնականների կարծիքով, կարող է օգնել նաեւ այլ նեվրոլոգիական հիվանդությունների ՝ օրինակ Ալցհեյմերի կամ Փարկինսոնի հիվանդության հայտնաբերմանը:

Նոր թեստում օգտագործվում է ֆլուորեսցենտային բաղկացուցիչ, որի ներգործության տակ աչքի հետին մասը սկսում է լույս տալ, եթե հիվանդն ունի գլաուկոմա ՝ աչքի ամենահին հիվանդություններից մեկը, որը տարեկան հարյուր հազարավոր մարդկանց զրկում է տեսողությունից:

Նոր թեստը արդեն փորձարկում են լոնդոնյան Western Eye Hospital կլինիկայում ՝ University College London, the Wellcome Trust եւ Imperial College Healthcare NHS Trust-ի նախաձեռնությամբ: 28 հիվանդների, որոնց 2/3-ը գլաուկոմա ունի, իսմ մյուսները հսկիչ խումբն են, երակի մեջ հատուկ նյութ կներարկեն, իսկ բժիշկները 8 շաբաթվա ընթացքում կհետեւեն նրանց տեսողությանը: Ուսումնասիրությունը ղեկավարում են ակնաբույժներ Ֆիլիպ Բլումը ու Ֆրանչեսկա Կորդեյրուն ՝ հենց նրանք էլ մշակում են այն նյութը, որը ապագայում օգտագործվելու է աչքի կաթիլների ձեւով:

Գլաուկոման ՝ աչքի հիվանդությունների մի խումբ է, որոնց դեպքում աչքից ավելորդ հեղուկի դուրս գալու ճանապարհները փակվում են, դրա հետեւանքով էլ հեղուկը սկսում է կուտակվել աչքի ներսում, բարձրացնելով աչքի  ճնշումը ու վնասելով օպտիկական ներվը՝ դրանով իսկ առաջացնելով մշտական կուրություն:

Երկար տարիներ գլաուկոման զարգանում է առանց ախտանիշների ՝ հիվանդն իմանում է դրա մասին միայն 10 տարի հետո, երբ սկսում է կորցնել պերիֆերիկ տեսողությունը: