Texas A&M College of Medicine-ի գիտնականները գտել են այն նեյրոնները, որոնք պատասխանատու են հարբեցողության զարգացման համար. հենց դրանց պատճառով է մեկ բաժակ գինին հանկարծ վերածվում մի ամբողջ շշի, իսկ մեկ շիշն էլ՝ մի քանիսի:
Մեր ուղեղի բաժիններից մեկում, դորզոմեդիալ սթրիաթումայում, ինչպես պարզել են գիտնականները, կան դոֆամինի նկատմամբ զգայուն երկու ռեցեպտորներով նեյրոններ: Այդ ռեցեպտորների մի տեսակը, որը հայտնի է որպես Դ1, խրախուսում է գործողությունները: Ոգելից խմիչքի ազդեցության տակ դրա կառուցվածքը փոխվում է ու դրա հետեւանքով նեյրոնը սկսում է ակտիվանալ ավելի քիչ խթանումից: Սա նշանակում է, որ երբ մարդը խմիչք է օգտագործում, փոփոխված նեյրոնը շատ արագ ակտիվանում է ու սկսում է խրախուսել կատարվող գործողությունները, այսինքն պահանջում է շարունակել խմել: Գիտությանը հայտնի է, որ հենց այդ ռեցեպտորներն են պատասխանատու տարբեր տեսակի կախումների առաջացման համար:
Մյուս կողմից էլ ռեցեպտորների երկրորդ տեսակը՝ Դ2–ը, ճնշում է տարբեր տեսակի գործողությունները՝ ստիպելով մարդուն սպասել, կանգ առնել ու ոչինչ չանել: Ըստ երեւույթին հարբեցողությամբ տառապող մարդկանց մոտ այդ ռեցեպտորները այդքան էլ լավ չեն աշխատում:
Այս պահին բժշկությունը չունի հարբեցողության դեմ հիրավի արդյունավետ դեղամիջոց ու այդ կախումից տառապող մարդկանց փորձում են բուժել հոգեբանության, պսիխոթերապիայի ու այլ մեթոդների միջոցով: Սակայն եթե բժիշկները հասկանան նեյրոնների աշխատանքը ու դրանց դերակատարումը հարբեցողության զարգացման հարցում, ապա կկարողանան ստեղծել դեղամիջոց, որը վերջ կտա հարբեցողությանը:
Այս հայտնագործության մասին հայտնում է Journal of Neuroscience ամսագիրը:






