Վիտամին С-ի ամենօրյա գործածումը կարող է նույնքան արդյունավետորեն պաշտպանել ճարպակալումով տառապող մարդկանց սիրտը, որքան ամենօրյա վարժությունները: Այս մասին հայտնում են Կոլոռադոյի համալսարանի գիտնականները:

Հետազոտության շրջանակում նրանք երեք ամիս շարունակ դիտարկել են ավելորդ քաշով ու ճարպակալումով տառապող 35 հիվանդների, որոնցից 20-ը ընդունում էին վիտամին С-ով հավելանյութեր, իսկ 15–ն ամեն օր վարժություններ էին անում: Մասնագետները գնահատում էին նրանց արյան շրջանառությունը ու մյուս ցուցանիշները: Պարզվում է, որ 500 մգ վիտամին С-ի ընդունումը նույնքան օգտակար է սրտի ու անոթների համար, որքան ամենօրյա քայլքը:

Բանն այն է, որ ճարպակալումով մարդկանց մոտ սովորաբար շատ ակտիվ հատուկ պրոտեիններ կան, որոնք հայտնի են էնդոթելին անունով: Դրանք ձգում ու նեղացոնւմ են մանր անոթները: Իսկ եթե անոթները նեղացած են, արյան շրջանառությունը վատանում է, ու զգալիորեն բարձրանում է սրտի հիվանդությունների զարգացման վտանգը: Իսկ վիտամին С-ի ընդունումը, ինչպես եւ քայլքն ու ֆիզիկական վարժությունները, թույլ չի տալիս, որ անոթները նեղանան ու լավացնում է արյան շրջանառությունը:

Իհարկե սա չի նշանակում, որ մարդիկ պետք է հրաժարվեն ֆիզիկական ակտիվությունից ու սկսեն սննդային հավելանյութեր ընդունել: Բայց հավանաբար արժե մտածել սննդակարգում վիտամին С-ի չափաբաժինն ավելացնելու մասին: Օրինակ մեկ նարինջը պարունակում է մոտավորապես 45 մգ վիտամին С, սա այն նվազագույն ամենօրյա չափաբաժինն է, որը խորհուրդ է տալիս բրիտանական NHS-ը:

Արժե նաեւ նշել, որ ավելի քան 1000 մգ վիտամին С- ի ընդունումը կարող է մի շարք տհաճ կողմնակի հետեւանքներ ունենալ՝ այդ թվում որովայնային ցավեր, լուծ ու մետեորիզմ: Իսկ օրական 2000 մգ-ից ավել վիտամին С ընդունել առհասարակ խորհուրդ չի տրվում: