Virginia Polytechnic Institute and State University–ի գիտնականները հակաբիոտիկների նոր խումբ են մշակել, որոնք կարող են արդյունավետ լինել մեթիցիլինի նկատմամբ կայուն ոսկեգույն ստաֆիլակոկի դեմ, որը սովորական հակաբիոտիկներով հնարավոր չէ ոչնչացնել։
Նոր հակաբիոտիկները պարունակում են սինթեթիկ իրիդիում, կոբալտ եւ այլ միացություններ, որոնք այդքան հեշտ չեն քայքայվում։ Ճիշտ է դեռ պետք է պարզել, արդյոք անվտանգ է նման հակաբիոտիկները մարդկանց վրա կիրառելը։ Առայժմ գիտնականներն այն կիրառել են կենդանիների վրա, որոնց համար դեղամիջոցը թունավոր չի եղել։ Հետո այն փորձարկել են լաբորատոր պայմաններում՝ մարդու բջիջների վրա եւ այդ դեպքում նույնպես խնդիրներ չեն ծագել. հակաբիոտիկների նկատմամբ կայուն ստաֆիլակոկի մանրէները ոչնչացել են, իսկ առողջ բջիջները մնացել են առողջ։
Հիմա գիտնականները ծրագրում են փորձարկել նոր հակաբիոտիկների մյուս հատկությունները. պետք է պարզել, թե որքանով են դրանք կայուն, ինչպես են բաշխվում ու կուտակվում հյուսվածքներում, արդյոք թափանցում են արյան սպիտակ բջիջներ ու ինչպես են յուրացվում օրգանիզմի կողմից։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, բացառված չէ, որ մոտ ապագայում մենք կայուն բակտերիաների դեմ նոր դեղորայք կունենանք։
Իրենց հետազոտության արդյուքների մասին գիտնականները հայտնել են Medicinal Chemistry Communications գիտական ամսագրում։






