Օրվա ընթացքում չափազանց շատ հոգնելը կամ քնկոտությունը կարող են երկրորդ տեսակի շաքարախտի ախտանիշները լինել: Այսպես են կարծում University of Tokyo-ի գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները ներկայացրել են European Association for the study of Diabetes (EASD)-ի ամենամյա հանդիպման ժամանակ:

Հետազոտության շրջանակում, որի ղեկավարը բժիշկ Տոմոխիդե Յամադան էր ՝ վերոնշյալ համալսարանից, մասնագետները քնի ու շաքարախտի մասին 10 հետազոտությունների մեգա վերլուծություն են իրականացրել: Այդ հետազոտություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 261 365 կամավոր: Ինչպես նկատել են գիտնականները ՝ շատերն են օրվա ընթացքում քնելու ցանկություն ունենում, բայց ոմանք բավարարվում են կարճատեւ քնով, իսկ մյուսները շատ երկար են քնում՝ մի քանի ժամ: Երկրորդ խմբի մարդկանց մոտ    (եթե նրանք օրվա ընթացքում մի ժամից երկար են քնում) երկրորդ տեսակի շաքարախտի վտանգը 46 տոկոսով բարձրանում է: Իսկ նրանց մոտ, ովքեր օրվա ընթացքում անընդհատ հոգնածություն ու քնկոտություն են զգում, շաքարախտի վտանգը 56 տոկոսով է բարձրանում:

Գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել այդ կապի մեխանիզմը, սակայն նրանք առաջարկում են հետեւյալ հնարավոր բացատրությունը . եթե մարդու մոտ նկատվում են քնի խանգարումներ՝ նա գիշերը չի կարողանում հագենալ քնից ու ցերեկը նույնպես քնել է ուզում, իսկ դա էլ իր հերթին բարձրացնում է շաքարախտի զարգացման վտանգը:

Լավ նորությունն այն է, որ եթե օրվա ընթացքում  առավելագույնը 40 րոպե քնելը օրգանիզմի համար ոչ մի վտանգ չի պարունակում եւ շաքարախտի հավանականությունը դրանից չի բարձրանում: