Մեր նյարդային համակարգը ամենից լավ զարգացնում են ոչ թե գլուխկոտրուկներն ու տրամաբանական խաղերը, այլ կրակոցներով եւ արկադային խաղերը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ նեյրոֆիզիոլոգները ՝ խաղացողների ուղեղի աշխատանքի երկարատեւ ուսումնասիրություններից հետո:
Նեյրոֆիզիոլոգներ Շոն Գրինը ՝ Վիսկոնսին նահանգի համալսարանից, ու Ահարոն Զայթցը Կալիֆորնիայի համալսարանից, այլ գիտնականների անցկացրած փորձերի հիման վրա վերլուծել են , թե ինչպես են այսօրվա պոպուլյար խաղերը ազդում երիտասարդների հոգեբանության եւ մտավոր ունակությունների վրա: Գիտնականները ուսումնասիրել են կրակոցներով մի քանի խաղեր՝ այդ թվում Wolfenstein եւ GTA –ն, Sims-ի նման սոցիալական խաղերը, շինարարական «ավազամանները» (Minecraft), կազուալ շարժական խաղերը, ինչպիսիք են օրինակ Angry Birds-ը եւ Candy Crush-ը, ինչպես նաեւ մի շարք զարգացնող խաղային հավելվածներ, որոնք նախատեսված են հատուկ ուղեղի զարգացման համար:
Պարզվել է, որ տարբեր ժանրերի համակարգչային խաղերը տարբեր ձեւով են ազդում մեր ուղեղի աշխատանքի ու զարգացման վրա: Օրինակ «ավազամանները», կազուալ խաղերը, Heartstone-ի նման խաղաքարտերով խաղերը դրական չեն ազդում խաղացողների ուղեղի աշխատանքի վրա ու բոլորովին չեն խթանում մտավոր ունակությունների զարգացումը: Մյուս կողմից էլ անսպասելիորեն բացահայտվել է, որ կրակոցներով ու արկադային խաղերը բավականին լավացնում են խաղացողների մտավոր ունակությունները՝ այս առումով չզիջելով հատուկ այդ նպատակի համար մշակված խաղերին:
«Պարզվում է՝ կրակոցներով խաղերը լավացնում են մանրուքների նկատմամբ ուշադրությունը, արագացնում ուղեղում տեղեկությունների մշակումը ու մի շարք այլ մտավոր գործառույթներ, նաեւ զարգացնում են մտահայեցողական տեսողությունը եւ երեւակայությունը: Հետաքրքիր է, որ տրամաբանական խաղերին սովորաբար այս արդյունքներից քչերն է հաջողվում ապահովել»,- գրում են հոդվածագիրները:
Այդուհանդերձ, ինչպես ընդգծում են գիտնականները, պետք չէ մոռանալ, որ համակարգչային խաղերն ունեն նաեւ բացասական կողմեր: Չնայած դրանք չեն նպաստում ուշադրության պակասի զարգացմանը, ինչպես շատ ծնողներ են կարծում, բայց Գրինի խոսքով կան ապացույցներ, որ դրանք նվազեցնում են երեխայի հետաքրքրությունը դասարանում կատարվող իրադարձությունների նկատմամբ, ունեն նաեւ սոցիալական մի շարք այլ բացասական հետեւանքներ:
Տվյալ հետազոտությունը հրապարակվել է Policy Insights from the Behavioral and Brain Sciences ամսագրում:






