Սննդային հավելումների՝ այսպես կոչված կենսաբանորեն ակտիվ հավելումների երկրպագուներից շատերը կհիասթափվեն, երբ իմանան, որ հակառակ արտադրողների վստահեցումներին՝ կալցիում ու վիտամին D պարունակող հավելումները չեն կանխում աղիքների պոլիպոզի ռեցիդիվը ու չեն նվազեցնում աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Աղիքների պոլիպներն ինքնին բարորակ նորագոյացություններ են, բայց չարորակ ուռուցքի վերածվելու հավանականությունը դրանց դեպքում բավականին բարձր է: Հաշվի առնելով աղիքների պոլիպոզի տարածվածության աստիճանը՝ գիտնականները փորձում են այդ հիվանդության կանխարգելման նոր ուղիներ փնտրել՝ բջջանյութով հարուստ  բանջարեղենային ու մրգային դիետայից բացի:

Մինչեւ վերջերս այս տեսակետից մեծ հույսեր էին կապակցում կալցիում ու վիտամին D պարունակող հավելումների հետ, սակայն Չեյփել Հիլ քաղաքի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները կալցիում ու վիտամին D պարունակող հավելումներում աղիների պոլիպների զարգացման հավանականությունը նվազեցնելու ունակություններ չեն հայտնաբերել:

Այդ հետազոտողները հետեւել են 2 259 հիվանդների, որոնց հաստ աղիքի պոլիպները հեռացրել էին կոլոնոսկոպիայի ընթացքում: Հիվանդների 25 տոկոսը գիտնականների խնդրանքով սկսել է կալցիում ու վիտամին D պարունակող հավելումներ ընդունել, մասնակիցների մյուս քառորդը ընդունել է միայն կալցիումով հավելումներ, երրորդ քառորդը  միայն վիտամին D -ով հավելումներ, իսկ մնացած 25 տոկոսը՝ հսկիչ խումբը, առհասարակ ոչ մի հավելում չի ընդունել:

Հաջորդ 5 տարիներին պոլիպոզի ռեցիդիվներ եղել են յուրաքանչյուր ենթախմբի մասնակիցների 43-45 տոկոսի մոտ, այսինքն ստացվում է, որ այդ հավելումները ոչ մի ազդեցություն չեն թողել տվյալ հիվանդության կրկնվելու հավանականության վրա: