Երջանիկ մարդիկ ավելի երկար են ապրում, ընդ որում նրանց կյանքի տեւողությունը պայմանավորված չէ նրանց առողջական վիճակով, եկամուտների մակարդակով, կամ էլ ընտանեկան վիճակով, հավաստիացնում են University of North Carolina համալսարանի գիտնականները:
Նրանց հետազոտությունը, որը շարունակվել է 30 տարի ու ներառել 30 000 մարդու մասին տվյալներ, ցույց է տվել, որ դժբախտ ու տխուր մարդիկ 14 տոկոսով հաճախ են մահանում, քան նրանք, որոնք փորձում են միշտ դրական տրամադրվածություն պահպանել: Իսկ նրանք, որոնք համարում են, որ իրենք առանձնապես երջանիկ չեն, մոտավորապես 6 տոկոսով ավելի հաճախ են մահանում, քան նրանք, որոնք իրենց միանգամայն երջանիկ են համարում:
Երջանկության զգացողության ու կյանքի տեւողության միջեւ կապը կարելի է տարբեր կերպ բացատրել՝ օրինակ կարծիք կա, որ երջանիկ մարդիկ ավելի հեշտ են հաղթահարում սթրեսը ու բազմաթիվ լավ ընկերներ ունեն:
Հետազոտողների խոսքով, բարձր եկամուտները, անվտանգ ու հանցագործություններից ազատ միջավայրը, ինչպես նաեւ հանրային առողջապահության արդյունավետ ծրագրերը գուցեեւ կյանքն ավելի հանգիստ ու անվտանգ են դարձնում՝ դրանով նվազեցնելով բազմաթիվ հիվանդությունների զարգացման հավանականոթյունը, սակայն դրանք մարդուն ավելի երջանիկ չեն դարձնում: Դրա համար էլ հանրային առողջապահության մասնագետները պետք է իրենց ծրագրերում ներառեն նաեւ մարդուն ավելի երջանիկ դարձնելու ուղիներ, քանի որ երջանկությունն է ազդում առողջական վիճակի ու կյանքի տեւողության վրա:
Իրենց հետազոտության մասին գիտնականները հայտնել են Social Science & Medicine ամսագրում:






