Աստիճաններով բարձրանալն ու իջնելը կօգնի խոլեստերինի մակարդակը նորմայի սահմաններում պահելուն, տեղեկացնում են Geneva University Hospital-ի շվեյցարացի հետազոտողները: Նրանք մարդկանց խորհուրդ են տալիս տանը եւ աշխատավայրում հրաժարվել վերելակներից եւ ավելի հաճախ օգտվել սանդուղքից:

Գիտնականները հիվանդանոցի 67 առողջ աշխատակցի խնդրել են երեք ամսվա ընթացքում աշխատանքի բարձրանալ սանդուղքով եւ վերելակ չօգտագործել: Այդ ամբողջ ընթացքում նրանք հետեւել են PCSK9 բնական սպիտակուցի մակարդակին, որը լյարդին խանգարում է արյան բաղադրությունից հեռացնել վատ  LDL-ը:  

Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ PCSK9-ի եւ խոլեստերինի վատ LDL-ի մակարդակը էականորեն նվազել է (Միջինը՝ 3,5-ից 3,3: Առայժմ ճշգրիտ հայտնի չէ, թե ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ինչ եղանակով է հնարավորություն տալիս նման արդյունքի հասնել, սակայն սա առաջին ապացույցն է առ այն, որ առողջ մարդկանց կենսակերպի նույնիսկ  փոքրիկ փոփոխությունները ուղղակի եւ էական ազդեցություն են թողնում խոլեստերինի մակարդակի նվազման ուղղությամբ:   

Նշենք, որ բժիշկները առողջ հասուն մարդկանց խորհուրդ են տալիս խոլեստերինի LDL մակարդակը  3 ցուցիչից ցածր պահել: Այսպես կոչված  «վատ» խոլեստերինի  բարձր մակարդակը, որը զուգորդվում է զարկերակային բարձր ճնշման հետ, համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների, մասնավորապես՝ սրտի կաթվածի զարգացման ամենանշանակալի գործոններից մեկը:

Այդ հետազոտության մասին հաղորդվում է  European Journal of Clinical Investigation-ում: